ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարեւորել է Ռուսաստանի եւ Արեւմուտքի համագործակցությունը գլոբալ հարցերի լուծման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա նշել Է Բեռլինի պատի անկման 25-ամյակի առթիվ Frankfurter Allgemeine Zeitung թերթի համար գրված հոդվածում, որը հրապարակել է հրատարակության էլեկտրոնային տարբերակը:

 

«Վճռորոշ նշանակություն ունի Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների վերականգնումն այն դեպքում, եթե Մոսկվան պատրաստ լինի կատարելու անհրաժեշտ քայլերը,- նշել է Քերին:- Մեզ բոլորիս համար ավելի լավ կլինի, եթե Ռուսաստանը, Եվրոպան, Միացյալ Նահանգները եւ Կանադան գործեն միասին, որպեսզի դիմագրավեն գլոբալ մարտահրավերները, ներառյալ ծայրահեղականությունը, միջուկային զենքի եւ վարակիչ հիվանդությունների տարածումը, եւ օգուտներ ստանալ խաղաղությունից, կայունությունից եւ տնտեսական համագործակցությունից»:

 

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետքարտուղարի կարծիքով, Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններն «անընդունելի են»: «Կարեւոր է, որ Գերմանիան ու ԱՄՆ-ը գործընկերներ լինեն եւ պաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ընդգծել է Քերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: