Մշակույթի նախարարությանը չի բավարարում իր ենթակառուցվացքների արդիականացման գործընթացը: Այս մասին դեկտեմբերի 27-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

«Մինչև 2008թ. երկրում չեն կատարվել կապիտալ շինարարության աշխատանքներ որևէ մշակութային կազմակերպությունում: Միայն կատարվել են կոսմետիկ վերաորոգումներ, իսկ կապիտալ շինարարության աշխատանքները սկսվեցին 2008 թ., սակայն դրան հաջորդեց ճգնաժամային շրջանը, և միայն վերջին երեք-չորս տարիների ընթացքում վերսկսվեցին կապիտալ շինարարությունների ծավալը», - նկատեց Հասմիկ Պողոսյանը:

 

Մշակույթի նախարարը հավելեց, որ կապիտալ շինարարությունը պահանջում է մեծ ներդրումներ և պետությունը հնարավորինս չափով աշխատում է աջակցել մշակութային կառույցների վերակառուցման գործընթացին:

 

«Այդուհանդերձ մենք դժգոհ ենք, դժգոհ է հասարակությունը, որովհետև քիչ է երևում այն, ինչ արվում է, և շատ ակնառու է այն, ինչ չի արվել: Այդ առումով մենք պետք է իրականացնենք տուն-թանգարանների վերանորոգման, երաժշտական և արվեստի դպրոցների վերակառուցման ծրագրեր:Նաև պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ վերանորոգվող կառույցները հաջորդ քայլով անհրաժեշտություն ունեն տեխնիկական վերազինման, ինչը ևս կապված է մեծ ֆինանսական ներդրումների հետ», - ընդգծեց Հասմիկ Պողոսյանը:

 

Մշակույթի նախարարը հավելեց, որ վերջին 5 ամիսներին կատարելով մարզային 6 այցելություններ, այցելելով 25 մշակութային կազմակերպություններ, 9 պատմամշակութային հուշարձաններ, որոնք գտնվում են վերականգնման ընթացքում՝ փորձել է լուծումներ տալ տեղում բարձրաձայնած խնդիրներին: Օրինակ, դեկտեմբերի սկզբին Գյումրիում Մերկուրովի տուն-թանգարանի այցելության ժամանակ մարզպետը խոստացել է հրատապ ծրագրերի շրջանակներում հաջորդ տարվա առաջին կիսամյանկում վերականգնել Մերկուրովի թանգարանը:

 

Մշակույթի նախարարության ծրագրերի շարքում են Ազգային գրապալատի և Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի կառուցման, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանների վերանորոգման, Սերո Խանզադյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Կոջոյան-Սարգսյան տուն թանգարանի և Շիրակի երկրագիտական թանգարանների ստեղծումը: