Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջեւ հունվարի 14-ին Ժնեւում կայացած բանակցությունները «լարված էին ու գործնական»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին՝ ամփոփելով գրեթե ութ ժամ տեւած բանակցությունների արդյունքները:

 

«Մենք քննարկեցինք գրեթե բոլոր այն հարցերը, որոնք բանակցությունների սեղանին են: Մենք դրական ենք գնահատում այն, որ հանդիպմանը մասնակցել են նախարարները, որովհետեւ նրանք կարող են ուղղորդել բանակցությունները, որոնք կշարունակվեն տեղակալների եւ փորձագետների մակարդակով»,- հայտարարել է նա:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Արաքչին ասել է, որ բանակցությունները կշարունակվեն հունվարի 15-ին: «Առայժմ վաղ է դատել այն մասին, թե արդյոք ձեռք է բերվել առաջընթաց կամ մենք կկարողանանք արդյոք հասնել դրան»,- հավելել է Իրանի ԱԳ փոխնախարարը: