Գրեթե 1,6 մլն մարդ հարկադիր վերաբնակներ են դարձել Ուկրաինայի արեւելքում շարունակվող մարտերի պատճառով. Դոնեցկի մարզում մարտերի սաստկացումը միայն բարդացնում Է իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 6-ին հայտնել Է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՄԱԿ-ի ՓԳԿՎ) մամուլի ծառայությունը:
«Դոնեցկի մարզում եւ երկրի արեւելքում ծավալված թեժ մարտերը վատթարացրել են վերաբնակների վիճակը: Այժմ Ուկրաինայում գրանցված են 980 հազար հարկադիր վերաբնակներ, սակայն այդ թվերը կարող են ավելանալ: Մոտավորապես 600 հազար մարդ ապաստան կամ փրկվելու այլ միջոց Է խնդրել հարեւան երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Բուլղարիայում եւ Ռումինիայում»,-ասել են մամուլի ծառայությունում:
ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ում նշում են, որ, չնայած մարդկանց տարհանմանը, շատ բնակիչներ մինչ այժմ մնում են այն շրջաններում, որտեղ մարտեր են մղվում: Այդ կապակցությամբ վարչությունում չեն բացառում վերաբնակների թվաքանակի հետագա ավելացումը: Դրա հետ մեկտեղ նրանց հումանիտար կարիքները պատշաճ բավարարում չեն ստանում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, փետրվարի 9-ին ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ն մտադիր Է հրապարակել վարչության 2015 թվականի հումանիտար գործողությունները եւս 41,5 միլիոն դոլարով ֆինանսավորելու անհրաժեշտության վերաբերյալ հերթական կոչը: