Հայաստան ժամանած լեհ մասնագետները ծանոթանում են տեղի ներդրումային դաշտին, որից հետո պետք է առաջարկություններ ներկայացնեն ՀՀ գերատեսչություններին ու ԵՄ հայաստանյան պատվիրակությանը' Հայաստանի ներդրումային դաշտն ակտիվացնելու և երկրի առաջխաղացման վերաբերյալ: «Արմենպրես»-ը զրուցել է Լեհաստանի տեղեկատվության և արտասահմանյան ներդրումների գործակալության փոխտնօրեն Աննա Պոլակ-Կոչինսկայի հետ:

 

 

-Լեհաստանի տնտեսությունը հաճախ անվանում են Եվրոպայի ֆենոմեն, քանի որ այն միակ պետությունն է, որ գլոբալ տնտեսական ճգնաժամի ընթացքում պահպանեց ՀՆԱ-ի և տնտեսական աճի մակարդակը։ Ինչի՞ շնորհիվ Լեհաստանի տնտեսությունը կարողացավ դառնալ Եվրոպայի ամենաարագ զարգացողներից մեկը և արդյոք ձեր երկրի «բանաձևը» կիրառելի համարո՞ւմ եք նաև Հայաստանում։

 

 

-Այն, որ մենք չենթարկվեցինք համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությանը, ներդրումների արդյունք էր: Լեհաստանը հարմար երկիր էր ներդրողների համար նունիսկ ճգնաժամի ընթացքում: Եթե աշխարհում կար այն միտումը, որ ներդրումների արդյունքում ձեռք բերված միջոցները վերադարձվում էին այն երկրներ, որտեղից ստացվել էին, ապա մեզ մոտ այդ միջոցները մնում էին և կրկին ներդրվում: Դա այն բանի շնորհիվ էր, որ Լեհաստանն ուներ կայուն միջավայր՝ տնտեսական և քաղաքական առումներով: Հայաստանը ևս պետք է ներկայանալի լինի և ներդրողներին ցույց տա իր գրավչությունը, մնացածը ժամանակի հարց է։

 

 

-Եվրոպական միությանն անդամակցելուց հետո Լեհաստանի տնտեսությունում ավելացան ուղակի ներդրումներն ու տնտեսական աճի տեմպը։ Ի՞նչ եք կարծում, միություններին անդամակցումն ու տնտեսական ինտեգրումները որքանո՞վ են նպաստում պետության առաջընթացին։ Եթե հաշվի առնենք ձեր պետության օրինակը, Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել ԵՏՄ-ին անդամակցումը սեփական տնտեսության աճը խթանելու նպատակով։

 

 

-Լեհաստանը 1990-ականների կեսերին սկսեց Եվրամիությանն անդամագրվելու գործընթացը: Երբ մենք ընդունեցինք այդ որոշումը, նպատակաուղղվեցինք այն իրագործելուն։ Լեհաստանը մինչև ԵՄ անդամակցությունն էլ էր օգտագործում միության «գիտելիքը» և փորձը: 2002-2003 թվականներից, երբ աշխարհը հասկացավ, որ մենք բռնել ենք այդ ուղին, սկսվեց ներդրումների հոսքը մեր երկիր:

 

 

Այդ ընթացքում կարևոր էին նաև Լեհաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, որտեղ ներդրողները կարող էին օգտվել տարբեր առավելություններից: Լեհսատանն ամեն կերպ օգնում էր նրանց, իսկ միությանն անդամակցումն էլ մեզ բերեց միջոցների ներհոսք և ներդրումներ տարբեր ենթակառուցվածքներում: Օրինակ' սկսեցին ուշադրության դարձնել վատ վիճակում գտնվող ճանապարհային ցանցին, և այնտեղ մեծ ներդրումներ կատարվեցին։

 

 

Միակ խնդիրը, որ տեսնում եմ Հայաստանի պարագայում, ճանապարհների հարցն է: Հայաստանը կարող էր դառնալ կապող օղակ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, սակայն երկրի դիրքն անհարմար է։ Դա բարդացնում է խնդիրը: Այս պատճառով էլ ձեր երկրի համար կարևոր է դառնում ներդրումների գրավումը և երկրի առաջխաղացումը։ Լեհաստանում էլ ներդրողները սկզբում ընտրում էին ներդրումային պարզ եղանակներ, խուսափում լուրջ միջոցներ ներդնելուց, սակայն ժամանակի ընթացքում, երբ ճանաչեցին երկիրը և հասկացան մեր շուկայի տված հնարավորությունները, մենք ունեցանք ներդրումային թռիչք։ Դա նաև ԵՄ-ին անդամակցելու արդյունք էր։

 

 

-Ներդրումների կրճատումը Հայաստանի տնտեսության խոցելի տեղերից է։ Եթե մի կողմ թողնենք քաղաքական գործոնները, տնտեսական և օրենսդրական ինչպիսի՞ հիմքեր են անհրաժետ օտարերկրյա ներդրումների համար, որ գուցե բացակայում են Հայաստանում։

 

 

-Մի քանի օր է, ինչ Հայաստանում ենք, շատ բան չեմ կարող ասել։ Սակայն Լեհաստանի օրինակով կնշեմ, որ նախ հարկավոր է ցուց տալ աշխարհին, որ Հայաստանը «գոյություն ունի», հետո, որ այն հետաքրքիր է ներդրումների համար։ Նախկինում Լեհաստանը հայտնի էր միայն որպես եվրոպական երկիր, բայց որտե՞ղ էր այն։ Պետք է ներկայանալ աշխարհին։ Հենց սրա համար էլ Հայաստանը դիմել է Եվրահանձնաժողովին, որ ստեղծի ներդրումների խթանման գործակալություն։

 

 

Մենք էլ մասնակցում ենք հայտարարված մրցույթին։ Այս ծրագիրը պետք է շարունակվի 18 ամիս։ Անցկացվելու են վարպետության ասեր և պրակտիկա, թե ինչպես աշխատել ներդրողների հետ, ինչ ծառայություններ մատուցել, ինչպես ապահովել երկրի առաջխաղացումը։ Երբ ընտրվի հաղթող կազմակերպությունը, այն կներկայացնի իր մեթոդներն ու փորձը այդ հարցերում։

 

 

-Ձեր կազմակերպությունը ներդրողներին օգնում է ստանալ համապարփակ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է նոր տնտեսական դաշտում ինտեգրվելու համար։ Ելնելով Ձեր աշխատանքից և փորձից՝ ի՞նչ խթաններ են պետք ներդրողներին անծանոթ երկրում իրենց միջոցները ներդնելու համար։

 

 

-Մեր աշխատանքի ընթացքում փորձում ենք տարին գոնե մեկ անգամ հանդիպել ներդրողների հետ, հասկանալ՝ ինչպես է ընթանում նրանց աշխատանքը և ինչ խնդիրներ ունեն։ Նրանք հաճախ խոստովանում են, որ դա օգնում է իրենց աշխատանքին։ Աշխարհում մեծ մրցակցություն կա, և պետք է ամեն ինչ անել՝ պահելու նրանց, ովքեր արդեն ներդրումներ են կատարել քո երկրում։

 

 

-Լեհական տնտեսության առանձնահատկություններից է այն, որ տեղական արտադրանքի մեծ մասը սպառվում է հենց ներքին շուկայում, իսկ արտահանումը չի գերազանցում ՀՆԱ-ի 50 տոկոսը։ Դա սպառողական մեծ շուկայի հետևա՞նք է, թե նման տնտեսական քաղաքականություն եք վարում։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանի պես փոքր շուկա ունեցող երկրում կարո՞ղ է գործել այդ մոդելը։

 

 

-Ճիշտ է, Լեհաստանը մեծ շուկա ունի, մյուս կողմից էլ արտահանումը կատարվում է հենց օտարերկրյա ներդրողների կողմից։ Օրինակ ավտոմեքենա ատադրողները իրենց արտադրանքը տանում են հատկապես արևմտյան շուկաներ։ Նրանք վաճառում են ապրանքը Գերմանիայում և հարևան այլ երկրներում։ Լեհաստանում ստեղծվել է նաև կենցաղային տեխնիկայի լայնածավալ արտադրություն, որը ևս արտահանվում է։ Արտահանումն այնքան էլ մեծ չէ, քանի որ մեր շուկան բավականին մեծ է, իսկ, օրինակ, այն պետությունները, որ ունեն փոքր ներքին շուկա, պետք է շեշտը դնեն հատկապես արտահանման վրա։

 

 

Հայաստանում էլ պետք է այդպես լինի։ Սակայն պետք է մտածել, թե ինչն է ձեր արտահանման «հիթը»։ Օրինակ մենք ցույց տվեցինք աշխարհին, որ մեր «հիթը» խնձորն է։ Բոլորն իմացան, որ Լեհաստանը կարող է արտահանել խնձոր։ Նոր պետություններ սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել դրա հանդեպ։ Իսկ տարիներ առաջ ոչ մեկը չէր մտածի, որ Լեհաստանը կարող է խնձոր արտահանել, ասենք, Միացյալ Արաբական Էմիրություններ։

 

 

-Ամփոփելով զրույցը՝ կցանկանայի նաև լսել Ձեր կարծիքը Հայաստանի և Լեհաստանի տնտեսական համագործակցության վերաբերյալ։

 

 

-Հայաստանում արդեն գործում է լեհական «Լյուբավա» ընկերությունը, հայ ներդրողներն էլ հետաքրքրված են Լեհաստանով։ Պետք է աշխատել երկու կողմերի հետ էլ։ Օրինակ' զբոսաշրջության ոլորտում էլ արդեն երկու կղմերը հետաքրքրվում են միմյանցով։ Տարեցտարի ավելանում է լեհ զբոսաշրջիկների թիվը Հայաստանում, որին նպաստում են նաև Վարշավա-Երևան չվերթները։ Երիտասարդներն էլ են գալիս-գնում, նրանք իրենց երկրի լավագույն գովազդն են այլ պետությունում։

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Ավետիսյանի