Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց բանդայի գործով դատաքննությունը:

Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը և Քյարամ Ամոյանը մեղադրվում են 2011 թվականի մայիս-սեպտեմբեր ամիսներին կայուն կազմակերպված հանցավոր խմբով Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի առանձնատներ ներխուժելու, որպես ունևորներ ընտրված այս ընտանիքներից ավազակային հարձակման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար:

Բանդան, ըստ նախաքննական մարմնի, 2011 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը նախապատրաստել էր ևս մեկ ավազակային հարձակում, որը չէր իրականացրել, որովհետև բացահայտվել էր ու վնասազերծվել:

Այսօր դատարան էին ներկայացել համառորեն չներկայացող տուժողներից երկուսը:

Նախ հարցաքննվեց Աղվան Գրիգորյանի որդին՝ Երվանդ Գրիգորյանը: Դատարանը երկու անգամ նախազգուշացրեց, որ տուժողը հարցաքննության ընթացքում ծամոն չծամի, ապա ստիպված եղավ հատուկ ժամանակ տրամադրել, որ տուժողը ձերբազատվի ծամոնից:

Տուժողը ցուցմունք տվեց ու հարցերին պատասխանեց բավական կաշկանդված, չկամությամբ, ինչը հետագայում բացատրեց ինքնազգացողության վատացմամբ:

Այս տուժողը, ինչպես և նախորդներից շատերը, դժվարացավ ստույգ հիշել, թե որ թվականին, որ ամսին ու օրն էր կատարվել հարձակումն իրենց տան վրա:

Տուժողը դժվարացավ վերհիշել նաև, թե ինչ զենքեր էր տեսել իր սենյակ ներխուժած ավազակների ձեռքին: Պաշտպանի հարցին պատասխանեց, թե որսորդական զենքը չի տարբերում մարտական զենքից, չնայած ծառայել է բանակում, այնուհետև, նախագահողի հարցին պատասխանելով՝ ասաց, թե ավազակներից մեկի ձեռքին ատրճանակ է տեսել: «Կարո՞ղ էր ատրճանակը որսորդական լինել» հարցին տուժողը պատասխանեց, թե չի կարող ասել:

Ավազակներից երկուսը ներխուժել էին տուժողի սենյակ, հարվածել նրան. «Ես մի քանի րոպե բժժած էի»,- ասաց տուժողը: Կպչուն ժապավենով կապել էին ոտքերը, ձեռքերը, բերանը, աչքերը:

Այս տուժողը հասցրել էր իր ծանոթուհի Ա.-ին հաղորդագրություն ուղարկել, որով հայտնել էր, որ իրենց տուն մարդիկ են մտել, թող աղջիկը ոստիկանություն զանգի:

Ավազակների հեռանալուց հետո նա կարողացել էր զանգահարել իր ընկեր ու հարևան Վարդանին, ով հինգ րոպե անց նրանց տուն էր գնացել, արձակել կապկպված տուժողներին, օգնել, որ շտապօգնություն և ոստիկանություն ահազանգեն:

Դատարանում տուժողը նշեց, թե չի կարող ասել՝ իր տեսած ավազակներն ինչ հասակ ունեին, մինչդեռ նախաքննական ցուցմունքում հստակ թիվ էր նշել, թե բարձրահասակ ավազակը 190 սմ հասակ ուներ:

Նախաքննական և դատաքննական ցուցմունքներն այլ հակասություններ ևս ունեին, դրա համար պաշտպանական կողմի միջնորդությամբ հրապարակվեցին տուժողի նախաքննական ցուցմունքները:

Տուժող Երվանդ Գրիգորյանը պատմել էր հետևյալը. «Քունս չէր տանում: Ձայն լսեցի, կարծեցի՝ եղբայրս է... ձայն տվեցի՝ Անդո, պատասխան չեղավ, նորից ձայն տվեցի, պատասխան չեղավ: Անկողնում պառկած՝ դեպի միջանցք նայեցի: Աստիճանների վրա երկու հոգու տեսա: Առաջինը բարձրահասակ էր՝ 190 սմ հասակով, սև հագուստով, սև դիմակով, ձեռնոցներով, հետևից գալիս էր երկրորդը՝ նույն տիպի հագուստով: Բարձրահասակը թռավ ինձ վրա, ես անկողնում փորի վրա էի պառկած, ձեռքերս հետ քաշեց ու սկոչով կապեց: Ատրճանակի բռնակով հարվածեց գլխիս: Գոռում էի՝ Անդո՜: Բարձրահասակը բռունցքով հարվածեց գլխիս, կապեց բերանս, աչքերս... Լսում էի հորս ու եղբորս գոռգոռոցը... Բարձրահասակը փողի ու ոսկեղենի տեղն էր հարցնում... Ասի՝ սեյֆը իմ սենյակում է... Ինձ քարշ տալով տարան իմ սենյակ... Սեյֆը մոտ մեկ մետրանոց էր, երկուսով բարձրացրին ու տարան... Լսեցի, թե ինչպես երկրորդ հարկի աստիճաններից սեյֆը թմփթմփոցով գլորեցին ցած... Ասել էի մեր մեքենայի բանալիների տեղը: Հետո լսեցի մեքենայի շարժիչի ձայնը, քիչ անց հասկացա, որ հեռացել են... Քարշ գալով գնացի տատիկի սենյակը, նրան չկարողացա տեսնել, եղբայրս ու հայրս ընկած էին գետնին՝ կապկպված ու արյունոտ... Մեր կապերն արձակեց իմ ընկեր Վարդանը, ում կանչեցի հեռախոսով»:

Տուժողը հիշում էր, որ ավազակներից մեկը խոսել էր վրացական ակցենտով ռուսերեն, մնացածը՝ առանց բարբառի հայերեն:

Ըստ այս տուժողի՝ հափշտակված մեքենայի մեջ էր հոր՝ Աղվան Գրիգորյանի նագանը:

Ավազակները կպչուն ժապավենով կապկպել էին նաև տատիկին, հարվածել, որից հետո տատիկը կորցրել էր հիշողությունը:

Տուժողին նորից հարցրին, թե ինչպես է կարողացել ստույգ նշել բարձրահասակ ավազակի հասակը՝ 190 սմ-ը: «Կարո՞ղ եք նայել մարդուն և ասել, թե ինչքան է հասակը»,- հարցրեց նախագահողը: «Ոչ»,- եղավ պատասխանը:

Տուժողն ասաց, որ ամբաստանյալներին տեսել է հեռուստացույցով, երբ լուսաբանվում էին դատական նիստերը: Ամբաստանյալներից ոչ մեկին նա ավազակներին չնմանեցրեց:

Այնուհետև, երբ պաշտպանները ցանկացան տուժողին լրացուցիչ հարցեր տալ, վերջինս ասաց, թե վատ է զգում և չցանկացավ պատասխանել հարցերին: Նախագահողն ասաց, թե չի կարող վտանգի ենթարկել տուժողի առողջությունը և որոշեց, որ լրացուցիչ հարցերը նրան կտրվեն հաջորդ նիստին:

Դատարանում հարցաքննվեց տուժող Կարեն Ջինանյանը: Ըստ նախաքննական մարմնի՝ հենց նրա տան վրա էր նախապատրաստված եղել բանդայի վերջին հարձակումը, որը, ավազակների կամքից անկախ պատճառներով, չէր իրականացվել:

Կարեն Ջինանյանը բնակվում է Չարենցի փողոցում:
2011 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, ժամը 5-ի սահմաններում Ջինանյանի քունը չի տարել ալերգիայի պատճառով, և նա երկրորդ հարկում լսել է, թե ինչպես տան մուտքի դռան բռնակը ինչ-որ մեկը պտտեց, չրխկացրեց, բայց դուռը բանալիով փակ էր ու չբացվեց:

Ջինանյանը կարծել է, թե ուսանող որդին է այդքան ուշ տուն վերադառնում, անմիջապես ստուգել է, բայց տեսել է, որ որդին քնած է իր ննջարանում:

Նա մտածել է, թե նույն բակում ապրող եղբայրը կարող է լինել: Այլ կասկածներ էլ են արթնացել: Բացել է պատշգամբի դուռը, դուրս եկել պատշգամբ, սակայն մարդ չի տեսել:

Առավոտյան եղբորը հարցրել է, նա էլ ասել է, թե ինքը չի մոտեցել դռանը: Իսկ երբ Կարեն Ջինանյանը լսել է վնասազերծված բանդայի մասին, մի հաղորդման ժամանակ էլ լսել է, որ ավազակներն այդ գիշեր Չարենցի փողոցում ապրող մի գինեկոլոգի տուն պիտի ներխուժեին, ավելի հիմնովին է կասկածել, որ խոսքն իր տան մասին է, դռան բռնակը, նրա կասկածով, հենց այդ բանդայի անդամներն էին չրխկացրել:

Կարեն Ջինանյանը հայտնեց, որ ինքը գինեկոլոգ չէ, կլինիկական սաղմնաբանության արտոնագիր ունի ու «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» բաժնի ղեկավար է, զբաղվում է արտամարմնային բեղմանավորման հարցերով: Տանը հիվանդներ չի ընդունում, աբորտ ու այլ նման բաներ չի անում:

Պաշտպան Հ. Արսենյանը հայտարարեց, որ Ջինանյանին դիմելու է՝ հարգելի բժիշկ, ոչ թե՝ հարգելի տուժող, քանզի նրան պարզապես համոզել են, որ ինքը տուժող է:

«Դուք գտնում եք, թե տուժո՞ղ եք»,- հարցրեց Հ. Արսենյանը: «Չեմ գտնում»,- պատասխանեց Կարեն Ջինանյանը:

«Իրավապահնե՞րն են ձեզ թիրախ ընտրել, թե՞ հանցագործները»,- հարցրեց պաշտպանը:

Նրա հաջորդ հարցերին Ջինանյանը պատասխանեց, որ մարդկանց ոտնաձայներ չի լսել, հեռացող մարդկանց չի տեսել, միայն լսել է մուտքի դռան բռնակի չրխկոցը:

Որպես բանդայի անդամներ բռնված մեղադրյալներին Ջինանյանի տուն չեն տարել, քննչական փորձարարություն չեն անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպե՞ս էին նրանք մտնելու այդ տուն, ինչպե՞ս էին չրխկացրել դռան բռնակը:

Այս տուժողի հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը ծիծաղում էր: «Ինչի՞ վրա եք ծիծաղում»,- դիտողություն արեց նախագահողը: «Ստից բաների վրա»,- պատասխանեց ամբաստանյալը:

Ըստ նախաքննական ցուցմունքի՝ բանդայի բռնվելու մասին իմանալով ու կասկածելով, թե հենց այդ ավազակներն էին փորձել իր տուն ներխուժել՝ Կարեն Ջինանյանը մոտ 20 օր անց տեղադրել էր տեսահեռազանգային սարք՝ դոմոֆոն, ու տեսախցիկ: Դատարանում տուժողն ասաց, թե այդ ամենը տեղադրել էր ոստիկանների կողմից իրազեկվելուց ու առաջին անգամ հարցաքննվելուց հետո՝ 2011 թվականի դեկտեմբերին:

Նկատի ունենալով այս տուժողի մասնագիտությունը՝ պաշտպան Արսենյանը նրան անվանեց «չհղիացված տուժող», իսկ երբ Ջինանյանը հարցաքննությունից հետո ցանկացավ վերադառնալ իր աշխատանքին, պաշտպանը չառարկեց. «Ազգի բազմացման խնդիր կա, թող գնա»:

Այսօր դատարանը կրկին անդրադարձավ բժշկական տեղեկանքներ ներկայացրած ու դատարան չեկող տուժողների հարցին: Որոշվեց հրապարակել նրանց նախաքննական ցուցմունքները:

Նապոլեոն Ազիզյանի նախաքննական ցուցմունքով՝ ինքը ոչ մի տեղ չէր աշխատում, զբաղվում էր այգեգործությամբ, իսկ կինը տնային տնտեսուհի էր:

Ավազակային հարձակման պահին տանն էին եղել ամուսինները, ինչպես նաև նրանց դուստր Միլենան՝ երկու երեխաների հետ:

Նապոլեոն Ազիզյանը ամառային գիշերներին քնել է երկրորդ հարկի բաց պատշգամբում: Դեպքի գիշերը անձրև է եկել, նա մրսել է ու տուն գնացել, միացրել հեռուստացույցը: Պատշգամբի դուռը «վրա է քաշել», բայց չի փակել:

Ժամը 4-ի սահմաններում մեկը անսպասելի հայտնվել է նրա դիմաց ու ձեռքով փակել բերանը: Մի հոգի էլ բազմոցի հետևից է մոտեցել ու սկսել կպչուն ժապավենով կապկպել թևերը:

Դիմացի ավազակը եղել է դիմակով, սև հագուստով, ձեռնոցներով, հասակը՝ 180-190 սմ: Նա ատրճանակով հարվածել է Ազիզյանին: Վերջինս կպչուն ժապավենի արանքից մի կերպ ասել է. «Արա, եթե թշնամի եք, եկել եք խփելու, էլ մի չարչարեք, խփեք»:

Ասել են՝ թշնամի չենք, մեզ փող ու ոսկեղեն է պետք: Ազիզյանն ասել է. «Թողեք ձեզ տամ ինչ ուզում եք, գնացեք»:

Հարցրել է, թե ո՞վ է նավոդչիկը: «Ի՞նչ նավոդչիկ, տեսանք լավ տուն է, մտանք»,- ասել էին ավազակները:
Պատերից նրանք վեց արժեքավոր նկար էին հանել, շրջանակները ջարդել, միայն նկարները տարել, հափշտակել էին տան կանանց բոլոր զարդերը, 3 միլիոն դրամ, 30 հազար դոլար, 3 հազար եվրո:

Նապոլեոն Ազիզյանի կարծիքով՝ 5-6 ավազակ էր հարձակումը գործել: Քննչական փորձարարության ժամանակ ի դեմս Դավիթ Գալստյանի՝ «նրա ձեռքից, ֆիզիկականից» Ազիզյանը ճանաչել էր ավազակներից բարձրահասակին: «Դիմացիս կանգնած տղան այն տղան էր, ում մեր տուն էին բերել»:

Ազիզյանը նշել էր, որ բոլոր ավազակներն էլ ագրեսիվ էին եղել: Դեպքից հետո Նապոլեոն Ազիզյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, նա ինֆարկտ էր տարել, սրտի անոթների ստենտավորում էր կատարվել:

Հրապարակվեցին նաև տուժողներ Միլենա Ազիզյանի՝ Նապոլեոն Ազիզյանի դստեր, ու ոսկե և ադամանդե զարդերի առևտրով զբաղվող Ատոմ Ղազազյանի նախաքննական ցուցմունքները:

Վերջինս նույնպես իրենց տանը քննչական փորձարարությանը մասնակցած Դավիթ Գալստյանին նմանեցրել էր ավազակներից բարձրահասակին:

Ըստ Ատոմ Ղազազյանի՝ ինքը սկսել էր աղոթել «Եհովային Հիսուսի անունից», որպեսզի փրկվի իր ընտանիքը և հարձակումը կատարած ավազակները, որովհետև նրանց էլ փրկություն էր պետք:
Հենց որ աղոթել էր, դաժան ավազակները, բավարարվելով արդեն վերցրած 24 միլիոն 687 հազար 600 դրամի ոսկեղենով ու գումարով, անմիջապես հեռացել էին:

Այսօր դատարանը հարցաքննեց նաև երկու վկաների, ովքեր «հուզված ու խառնված էին», ինչպես նախորդ հարցաքննվողները:

Առջևում վկաների հարցաքննությունն է: Դատակոչված է 41 վկա:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին: