Թուրքիայում արտահայտվելու ազատության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք դրսևորելու պահանջ բովանդակող օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով: Անցյալ երեքշաբթի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների պատգամավորների պատրաստած օրինագծին երկու օրում աջակցություն է հայտնել 29 պատգամավոր:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, օրինագծում ասվում է. «Թուրքիան՝ իր էթնիկ, կրոնական և մշակութային տեսակետից, խիստ բազմազան բնակչությամբ սահմանադրական, աշխարհիկ, ԵԱՀԿ անդամ և ՆԱՏՕ-ի դաշնակից պետություն է: Նման պետության համար հիմնարար պահանջ է՝ մարդու իրավունքների, հատկապես, արտահայվելու ազատության նկատմամբ հարգանք ցուցաբերելն ու ժողովրդավարական հասարակություն ունենալը:

 

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները, Մարդու իրավունքների և աշխատանքի գրասենյակի, ԵԱՀԿ մամուլի ազատության, Freedom House կազմակերպության և Մարդու իրավունքներին հետևող կառույցի դիտորդները բազմիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից այդ երկրում արտահայտվելու և ԶԼՄ-ների ազատությունը սահմանափակվելու առթիվ»:

 

 

Ընթացիկ տարվա փետրվարին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 90 պատգամավորներ նամակ էին հղել պետքարտուղար Ջոն Քերիին, որում նրանից պահանջել էին ձայն բարձրացնել Թուրքիայում մամուլի ազատությունը պաշտպանելու համար: Քերիին նման զգուշացումներով լի նոր մի նամակ էլ մոտ օրերս ուղարկվել է Ներկայացուցիչների պալատի 74 պատգամավորների ստորագրությամբ: