ՆԱՏՕ-ն չի խրախուսում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը: Այս մասին հայտարարեց ՆՍՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Պաոլո Ալլին' Երեւանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 89-րդ Ռոուզ Ռոթ սեմինարի ժամանակ: Նրա խոսքով' հակամարտության խաղաղ կարգավորման հարցը սեմինարի օրակարգային խնդիրներից մեկն է: «Բնականաբար, մենք կդիտարկենք վերջին շրջանում ռազմական գործողությունների թեժացումը: Ռազմական մակարդակով թեժացումը չի բխում մեր շահերից, մենք չենք խրախուսում խնդրի ռազմական լուծումը: Հուսով եմ' կողմերը կհանգեն փոխշահավետ լուծման: Հիասթափեցնող է, որ մենք մեկ քայլ հետ ենք նախորդ Ռոուզ Ռոթ սեմինարից: Անշուշտ, Ադրբեջանի պատվիրակության բացակայությունն այս քննարկմանը ցավալի է եւ հուսով եմ ճանապարհ կգտնենք կառուցողական երկխոսության համար: Կողմերը պետք է հասկանան, որ երկխոսությունը միակ լուծումն է»,- ասաց Ալլին:
ՆԱՏՕ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն էլ շեշտեց, որ Ռոուզ Ռոթ նախորդ սեմինարին, որ անցկացվում էր Բաքվում, Հայաստանը մասնակցել է: