Դորտմունդի «Բորուսիան» հաղթանակով մեկնարկեց Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատված: Առաջնության 18-րդ տուրում Դորտմունդցիները հյուրընկալվեցին Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և առավելության հասան 3:1 հաշվով:
Հանդիպման առաջին գոլը 41-րդ րոպեին Իլքայ Գյունդողանի փոխանցումից հետո խփեց Մարկո Ռոյսը:
Այնուհետև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայում հերթական գոլը խփեց և արդյունավետ փոխանցումը կատարեց:
Կիսապաշտպանը 50-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0, իսկ 75-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Իլքայ Գյունդողանին:
Դաշտի տերերի միակ գոլը 58-րդ րոպեին հեղինակեց Ռաֆաելը:
Այս հաղթանակից հետո Տուխելի թիմը շարունակում է մնալ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` իր ակտիվում ունենալով 41 միավոր: Առաջատար «Բավարիան» ունի 49 միավոր: