Երբ ասվում է, թե իշխանական թիմին սերնդափոխություն է անհրաժեշտ, ու վաղուց արդեն ոմանց թոշակի գնալու ժամանակն է, այ նման դեպքերի համար է ասվում, ինչպես օրինակ՝ երեկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն անզգուշությամբ մատնեց իրենց՝ փաստացի ասելով, որ էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին պարտք է ՀԷՑ-ը, այլ ոչ կառավարությունը, բայց, չգիտես ինչու, ՀԷՑ-ի պարտքը մարելու համար վարկ է վերցնում կառավարությունը: Որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը…

 

Փորձում եմ գտնել տրամաբանություն, բայց ոչ կերպ չի ստացվում: 5 միլիարդ դոլարից ավել արտաքին պարտք ունեցող Հայաստանը նորից վարկ է վերցնում, որպեսզի փակի ռուսական ընկերության պարտքը: Ինչու՞, կամ ավելի շուտ՝ «վասն որո՞ւ»: Ինչու՞ պետք է մի պետությունը (որը խրված է պարտքերի մեջ) փակի մեկ այլ պետությանը պատկանող ընկերության պարտքերը, ինչո՞ւ պետք է չհրապարակվի նոր վերցնելիք վարկի չափը՝ ասելով, թե դա կոմերցիոն գաղտնիք է: Եվ վերջապես, ումի՞ց են ի վերջո «քերելու» այդ փողերը:

 

Դրանք հարցեր են, որոնց պատասխանները, եթե համառորեն չպահանջենք, միգուցե և չստանանք: Այս հարցերից միայն վերջինն է, որի պատասխանը մոտավորապես պարզ է՝ փողերը «քերելու» են մեզանից: Ու արդեն «քերում» են, որովհետև սուբսիդավորում ասվածը միայն ամսեկան մինչև 250կվ/ժ էլեկտրաէներգիա օգտագործողների համար են սահմանել, մնացածները 49 դրամով են մուծում, այսինքն՝ ձմռան ամիսներին բնակչության ճնշող մեծամասնությունը մուծում է 49 դրամով: Գնի բարձրացումն էլ եղել էր հենց պարտքը փակելու հիմնավորմամբ, այսինքն՝ եթե հիմա վարկ են վերցնում և այլևս պարտք չի լինելու, հետևաբար 1կՎտ/ժ-ի համար սակագինը պետք է նորից սահմանվի 42 դրամ, այնինչ, ես չգիտեմ ինչու, վստահ եմ, որ նման բան չի լինի, և Երվանդ Զախարյանի նման ինչ-որ մեկը՝ առանց որևէ հիմնավորման, կհայտարարի, թե սակագինը «հիմնավորված» է: Ու կշարունակեն «քերելը»:

 

Կարեն Վարդանյան