Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է համակարգի լիարժեք կիրառումը հետաձգել մինչև 2018 հուլիսի 1-ը:

 

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց՝ արդյոք սա պայմանավորվա՞ծ չէ նախընտրական շրջանով:

 

«Մոտենում է նախընտրական ժամանակաշրջանը, և մարդիկ կարող է նորից ցույց անեն: Հիմա ասում եք՝ եկեք մեկ տարի հետաձգենք և ասում եք՝ վեցերորդ գումարման ԱԺ-ն սրանով զբաղվի, որովհետև էլի դա պետք է վերանայվի, և որքանո՞վ է սա կապված Հարկային նոր օրենսգրքի հետ: Այսինքն՝ Հարկային նոր օրենսգրքով ուրի՞շ ռեժիմ ենք սահմանելու, ի՞նչ ենք անելու, կուտակային կենսաթոշակային համակարգը փոխելո՞ւ ենք»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:

 

Նախարարը վստահեցրեց, որ բացարձակապես կապ չունի:

 

Արտեմ Ասատրյանի խոսքով՝ Հարկային օրենսդրության փոփոխությունները ենթադրում են նաև էլեկտրոնային համակարգի ներդրում, իսկ դա բավականին աշխատատար է: 2017թ. հունվարից Հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ կմտնի, և դրա հետ մեկտեղ դեպոզիտարիայի աշխատանքը ևս պետք սինխրոնիզացվի, որ համակարգը կարողանա լիարժեք աշխատել:

 

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նախարարն ընդհանուր բնույթի պատասխան տվեց, ու պարզ չէ՝ Հարկային օրենսգիրքն ինչ կապ ունի. «Երբ օրենքն ընդունում էինք, Հարկային օրենսգրքի հետ կապված խնդիր չկար, ինչո՞ւ այն ժամանակ շտապ ընդունեցիք, սկսեցինք մարդկանից փողերը հավաքել, բնականաբար պետական սեկտորի մասին է խոսքը, հիմա ասում ենք՝ հետաձգենք: Եթե դա է, ուրեմն խտրական վերաբերմունք կա պետականի ու մասնավորի միջև: Ես կողմնակից եմ, որ բոլորից չպահվի կուտակային գումարներ, սակայն անարդար վերաբերմունք է: Հիմա ինձնից պահված գումարներն ո՞ւր են, ես նամակներով պետք է ծանուցվեի, իսկ ես որևէ նամակ չեմ ստացել, վերջերս սոցիալական ցանցերով է անգամ խոսվում, պահվում են այդ փողերը, բայց ո՞ւր են»,- ասաց Մարուքյանը:

 

Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս տարվա մարտ ամսվա տվյալներով՝ ունենք պարտադիր համակարգի 143 580 մասնակից, որից 64788-ը պետական աշխատողներ են, 78792-ը՝ մասնավոր, հավաքված գումարները 36 մլրդ դրամից ավելի գումար է, այդ թվում նաև՝ պետական մասնակցության գումարները:

 

Նախարարը խոստացավ, որ կպարզի, թե ինչու ծանուցում չեն ստանում. «Ես կճշտեմ մասնավոր ֆոնդային ընկերություններից ու ԿԲ-ից, ու Ձեզ կտեղեկացնեն: Կա նաև էլեկտրոնային տարբերակը, որի միջոցով կարող եք դիտարկել Ձեր հաշիվները»,- ասաց նախարարը: