Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի զոհերի թիվը հասել է 65-ի: Այդ մասին հայտնել է TOLOnews հեռուստաալիքը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցչին:
Նախարարությունում հաստատել են 65 մարդու զոհվելը: Գերատեսչության տվյալներով՝ վերքեր է ստացել 325 մարդ:
Աֆղանստանի ՆԳ նախարարության նախնական վարկածի համաձայն՝ պայթեցվել է ականապատված ավտոցիստեռն: Ինչպես սոցցանցերում հայտնում են ականատեսները, տուժածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են: Պայթյունի վայրից ոչ հեռու գտնվում են նաեւ Ճապոնիայի, Իրանի եւ Հնդկաստանի դեսպանատները:
NHK ճապոնական հանրային հեռուստատեսության տվյալներով՝ տուժել են Ճապոնիայի դեսպանության երկու աշխատակիցներ, որոնք թեթեւ վերքեր են ստացել: Պայթյունից տուժել է «Սինհուա» գործակալության շենքը, պայթյունի ալիքից կոտրվել են առաջին հարկի պատուհանների ապակիները:
Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Մարիել դե Սառնեզը Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնել է, որ պայթյունը վնաս է հասցրել Ֆրանսիայի դեսպանատանը: «Նյութական վնաս է հասցվել Քաբուլում Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատներին: Ներկայում տվյալներ չկան այն մասին, որ Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներից որեւէ մեկը տուժել է»,-ասել է նախարարը:
Աֆղանստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցները եւ ռուսական դիվանագիտական ներկայացուցչության շենքերի համալիրը չեն տուժել, ինչի մասին հայտնել է Աֆղանստանում ՌԴ դեսպանության մամուլի կցորդ Ալեքսեյ Կոսարեւը: Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն առայժմ չի ստանձնել երկում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` REUTERS