Մարզերի զարգացման ծրագրերի կազմակերպման հարցում առկա է լրացուցիչ խորհրդատվությունների անհրաժեշտություն, ուստի հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ 20 օրյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել այն աշխատանքների ամփոփումը, որոնք նպաստել են համաքաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, բիզնես միջավայրի զարգացումը և այլն: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին Կառավարության նիստի ընթացքում հանձնարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նշեց, որ իրենք ակնկալում են, որ յուրաքանչյուր նախարարություն՝ ամեն կիասամյակ հաշվետվություն տա հասարակությանը, թե ինչ է արել հասարակության համար: Կարեն Կարապետյանը նշեց, որ նույն պահանջը դնելու են նաև մարզպետարանների վրա՝ մարզպետներից պահանջելով մարզի բնակչությանը ներկայացնել նրանց համար արված աշխատանքները:

«Առաջարկում եմ խորհրդակցությունների, կառավարության նիստի նման մի բան կազմակերպել, որը նվիրված կլինի մարզին ու մարզի խնդիրներին: Առաջարկում եմ այդ աշխատանքների համար սահմանել շաբաթ օրը, որպեսզի մեր աշխատանքներին չխանգարի»,-հանձնարարեց վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանի բոլոր 10 մարզերում կառավարությունը կունենա նման խորհրդակցություններ: