Օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել նրա և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև:

Լուրեր.com-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ, ով նշեց, որ քանի որ ըստ պաշտոնական տվյալների՝ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործիչը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, համաձայն չէ ընտրությունների պաշտոնական արդյուքների հետ և բողոքի շարժում է սկսել, այդ իսկ պատճառով հանդիպում է Հայաստանում ազդեցիկ քաղաքական ուժերի հետ:

«Նա հանդիպում է՝ ճշգրտելու իր անելիքները, նրանց տեսակետները, այստեղ տարօրինակ ոչինչ չկա: Նա հանդիպել է ոչ միայն ԲՀԿ-ի հետ, այլև՝ ՀՅԴ-ի, «Սարդարապատ» շարժման հետ: «Սարդարապատ» շարժումն այդքան ազդեցիկ չէ, ՀՅԴ-ն ավելի ազդեցիկ է, դե ԲՀԿ-ն էլ ավելի ազդեցիկ է: Այնուամենայնիվ, ես այստեղ ինչ-որ խնդիր չեմ տեսնում»,-ասաց Բադալյանը:

Հարցին, թե Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներն ունա՞կ են ինչ-որ բան փոխել Հայաստանում, քաղաքագետն ասաց.

«Ո՛չ: Բնականաբար, հանրահավաքներն օրենքի շրջանակներում տեղի ունեցող միջոցառումներ են: Կարող եմ ասել, որ նախորդ 5 տարիներին նման բազմաթիվ հանրահավաքներ ենք տեսել ՀԱԿ-ի կողմից, որը, ինչպես նկատեցինք, որևիցե արդյունք չտվեց քաղաքական գործընթացին: Այսինքն՝ այդ հանրահավաքների միջոցով նրանք իրենց նպատակը չիրականացրեցին, այսինքն՝ արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններ չանցկացրեցին, դրա համար հանրահավաքները կարևոր են միայն այն ժամանակ, երբ հավաքվում է խիստ մեծ քանակությամբ բնակչություն, այսինքն՝ մի քանի հարյուր հազար մարդու հանրահավաքն ուրիշ է, մի քանի հազար մարդունը՝ ուրիշ»: