Հայաստանի Հանրապետության սահմանադրության առաջին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, սոցիալական, ժողովրդավարական, իրավական պետություն է։  Այս չափանիշներից յուրաքանչյուրի հետ մեծ վերապահումներով կարելի համաձայնել, հատկապես՝ ժողովրդավարության առումով, ինչին հիմա խորապես կանդրադառնանք։ Ժողովրդավարությունն իր հերթին՝ ունի այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ ազատ, արդար ու հավասար ընտրությունների կազմակերպումը, անկախ մամուլի գործունեությունը, ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի մրցակցությունն ու միմյանց նկատմամբ վերահսկողական մեխանիզմների կիրառումը։ Այս չափորոշիչներից մեկի բացակայության պայմաններում տվյալ պետությունն ամենաքիչը ժողովրդավարական չէ։

Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացումը մշտապես ուղեկցվել է սկանդալներով, քրեական բնույթի հանցագործություններով, դատավարություններով և աղմկահարույց միջադեպերով, մասսայական ընտրակաշառքի դեպքերով, որը, ի դեպ, վերջին խորհրդարանական ընտրություններում անգամ արտասահմանյան դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի աչքից չվրիպեց։ Այսինքն՝ ՀՀ-ում, որպես ժողովրդավարական երկրում, ընտրությունների անցկացումը, մեղմ ասած՝ չի գտնվում բավարար որակի վրա։ Մամուլի նկատմամբ օրենքով սահմանված կարգով քաղաքական խորամանկ  վերահսկողությունները թե՛ իշխանությունների, թե՛ որոշ ընդդիմադիրների կողմից՝ խաղաթուղթ են դարձել։ Նման իրավիճակ աշխարհի գրեթե բոլոր երկրներում առկա է, սակայն նման ծայրահեղ դրսևորումներ, գոնե դեմոկրատական երկրներում, չկան։ Իսկ ինչ վերաբերում է իշխանություն-ընդդիմություն փոխվերահսկողական մեխանիզմների կիրառմանը, ապա, եթե իշխանության կողմից վերահկսողությունը քիչ թե շատ՝ մեր երկրում իրականացվում է, ապա ընդդիմության կողմից՝ ավելորդ է որևէ վերահսկողական գործընթացի մասին խոսել։

Հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք համարել, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է։

Վերջերս քաղաքական ամենամեծ խորհրդաժողովը՝ Հայաստան-Սփյուռք համաժողովը, արձանագրեց Հաայաստանում երբևէ գոյություն ունեցած քիչ թե շատ ժողովրդավարական ցուցանիշների անկման մասին։ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված այս մասշտաբային նախագիծը հակառակ էֆեկտ ունեցավ մեր իշխանությունների համար, քանի որ Հայստանում իրականացվող հակադեմոկրատական քաղաքականությունը քննադատվեց անգամ դեսպանների ու սփյուռքում գործող մի շարք ակնառու քաղաքական դերակատարների կողմից։ Պետք չէ միֆեր ստեղծել, այնուհետև փորձել արդարացնել հակառակ պատկերը։ Հարկավոր է անկեղծ լինել սեփական երկրի քաղաքացիների և դրսում ապրող հայրենակիցների հանդեպ, որպեսզի նման խայտառակ իրավիճակում չհայտնվենք։ Շատ ժամանակ պետք չէր համոզվելու համար, որ Հայաստանում իշխանության հանդեպ հակակշիռ, որպես այդպիսին՝ գոյություն չունի։ Ընդդիմադիր ուժերը նման կարևոր իրադարձությանը դիտորդի կարգավիճակում էին, ու սա չէր կարող վրիպել Սփյուռքի աչքից։ Եվ այս քաղաքական համակարգն ավելի շատ միապետություն է հիշեցնում։ Լավ է ունենալ կայացած միապետություն, որն ավելի տրամաբանական է, որ կկայանա նման քաղաքական մշակույթ դավանող երկրում, քան ժողովրդավարություն, որը ոչ մի կապ չունի իրական ժողովրդավարության հետ։

Անկախ պետական կարգից, կործանման է ենթակա այն պետությունը, որն իր հռչակած կառավարման ձևից հեռու է: Կարող ենք նաև հակառակն ասել. անկախ պետական կարգից ամուր է այն պետության հիմքը, որի կառավարման համակարգը համապատասխանում է պետական կարգին։ Իսկ եթե մենք ցանկանում ենք քայլ կատարել դեպի դեմոկրատիա, ապա կադրային փոփոխություններն անհետաձգելի են, հատկապես՝ ընդդիմադիր բևեռում։

Վաչիկ Գրիգորյան