Քաշաթաղի Աղավնո գյուղում ռուս խաղաղապահները խոստացել են ապահովել Քաշաթաղի շրջանի Աղավնոյում (Արիավան) ներկայում բնակվող ընտանիքների անվտանգությունը՝ միաժամանակ հորդորելով հանձնել զենքերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքեի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը:«Գյուղում ներկայումս բնակվող ընտանիքների անվտանգությունն առայժմ ապահովում են տղամարդիկ՝ զենքը ձեռքին հերթապահելով շրջակայքում: Ռուս խաղաղապահների հրամանատարը, հղում անելով հրադադարի հայտարարությանը, հորդորեց հանձնել զենքը: Որպես անվտանգության երաշխիք, մենք պահանջեցինք վերահսկողություն սահմանել այն հատվածներում, որտեղ այժմ մենք ենք հերթապահում: Ռուս խաղաղապահների հրամանատարը տեսնելով, որ այնտեղ ադրբեջանական զինուժի մեծ կուտակում կա, ասաց, որ լրացուցիչ ուժ պետք է բերվի: Այնուհետև վերադարձավ ու պահանջեց հանձնել զենքերը: Առայժմ բանակցում ենք: Երևի օրինական կարգով հանձնենք, եթե անվտանգության գործնական երաշխիքներ ունենանք: Արիավանում այժմ ավելի քան 10 ընտանիք է ապրում: Բոլորս էլ որոշել ենք, որ ոչ մի պարագայում չենք հեռանալու: Ես անձամբ պատասխանատվություն ունեմ նրանց նկատմամբ»,-ասաց համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը՝ հավելելով,որ գյուղում այժմ կանոնավոր գործում են էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումն ու հեռախոսակապը:

 

Աղավնոյի համայնքապետը դեկտեմբերի 17-ին ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր,որ Բերձորի խաղաղապահների պատասխանատուն պահանջել է հանձնել զենքերը: Անդրանիկ Չավուշյանը խնդրել էր բոլոր լրատվականներին ներկայանալ Աղավնո՝ ներկա լինելու զենքերի հանձնման արարողությանը: «Թող ապացույցներ լինեն, որ նրանք խոստացել են մեր ապահովությունը»,-մասնավորապես նշել էր նա տեսաուղերձում: Համայնքի ղեկավարն ասում է՝ իրենք ուզում են անվտանգ ապրել, իրենց հողը մշակել: