Փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը, որը վարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Առցանց հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչները:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին' Էդուարդ Աղաջանյանը խոսել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների արտաքին քաղաքական գործունեության համակարգման մասին:

Անդրադառնալով աշխատանքային հանդիպման նպատակներին' Էդուարդ Աղաջանյանն ընդգծել է միջազգային քաղաքականության եւ անվտանգության արդի հարցերի շուրջ համատեղ դիրքորոշումների համակարգումը, փոխադարձ աջակցությունը, ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցող պետությունների շահերն ու պարտավորությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում առանձնացրել է նաեւ ԵԱՀԿ միջազգային ձեւաչափում ՀԱՊԿ անդամ երկրների համար համագործակցային հավասար հարաբերությունների հաստատմանը նպաստելու, միասնական կառուցողական դիրքորոշման մշակման եւ ԵԱՀԿ ԽՎ նիստերի որոշ հարցերի վերաբերյալ հնարավոր հավաքական որոշումների կարեւորությունը:

Նշվել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համատեղ հանդիպումների անցկացման պրակտիկան հաստատվել է դեռեւս 2009թ.:

Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով' քանի որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանների ձեւաչափը չի նախատեսում բանաձեւերի քվեարկություն կամ որեւէ զեկույցի ընդունում, այսօրվա հանդիպմանը կներկայացվեն ընդհանուր տեսակետներ, ինչպես նաեւ կհամադրվեն կողմերի դիրքորոշումները ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդրահարույց հարցերի շուրջ:

Նշվել է, որ այս հանդիպման, ձմեռային նստաշրջանում պատվիրակությունների աշխատանքի եւ դրա արդյունքների մասին տեղեկատվությունը ներառվելու է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում: Նիստը նախատեսվում է անցկացնել 2022թ. մարտի 11-ին' Երեւանում:

Միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների գործունեության համակարգման մասին ելույթում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը խոսել է խորհրդարանական դիվանագիտության ճկուն մեխանիզմների գործածման արդյունավետության մասին: Կարեւորվել է միջազգային տարբեր կառույցներում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների համակարգված եւ փոխհամաձայնեցված աշխատանքը' հաշվի առնելով նաեւ անդամ երկրների շահերը:

Այնուհետեւ հեռավար քննարկման մասնակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդիրներին եւ մտքեր փոխանակել արդիական հարցերի շուրջ: Նրանք խոսել են մի շարք մոդելային օրենքների մշակման ու ընդունման անհրաժեշտության մասին: