Lragir.am. Եվրոպան երկու ելք ունի՝ կամ Արեւելյան գործընկերության վեհաժողովը հրավիրել ոչ թե նոյեմբերին, այլ ասենք օգոստոսին, կամ էլ Արեւելյան գործընկերության երկրներին հրավիրել ՆԱՏՕ: Հակառակ դեպքում, ոչ միայն Հայաստանը, այլեւ Ուկրաինան, Մոլդովան եւ Վրաստանը շատ շուտով կդառնան դիտորդներ Մաքսային միությունում եւ ՀԱՊԿ-ում:
Երեկ այդ մասին ակնարկել է Լիտվայի ԱԳ նախարարը, ով ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ պետք է կողմնորոշվել Արեւելյան գործընկերության հարցում եւ անել ամեն ինչ, որպեսզի նոյեմբերին Ուկրաինան ստորագրի Ասոցիացիայի համաձայնագիրը, իսկ Հայաստանը, Մոլդովան եւ Վրաստանը նախաստորագրեն այն: Նախարարը գործնականում հասկացնում է, որ համաձայնագրի նախաստորագրումը սպառնալիքի տակ է եւ պետք է ինչ-որ բան անել:
Հայաստանն ակնհայտորեն վերջին ջանքերն է գործադրում Ռուսաստանի ճնշմանը դիմակայելու համար: Եվ ոչ միայն Հայաստանը: Երեկ, օրինակ, Սերգեյ Նարիշկինն ասել է, որ Ուկրաինային դիտորդի կարգավիճակ է առաջարկվում ՀԱՊԿ-ում:
Արեւմուտքը միշտ խոսում է դիվերսիֆիկիացիայի անհրաժեշտության մասին՝ որպես Ռուսաստանի մենաշնորհի վերացման եւ աշխարհի համար հետխորհրդային երկրների բացման միջոց: Սակայն, ավելի շուտ եկել է անվտանգության դիվերսիֆիկացիայի մասին խոսելու ժամանակը: Եվ չի բացառվում, որ հետխորհրդային երկրներին կառաջարկվի ՆԱՏՕ-ի հետ ասոցիացիայի որոշակի ձեւաչափ:
Եվրոպան ու ԱՄՆ-ը Եվրատլանտյան ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագրի ստորագրումից հետո միասնական տարածություն կդառնան: Այդ տարածքի անվտանգությունը կապահովի ՆԱՏՕ-ն: Եվ եթե Հայաստանը, ստորագրելով ԵՄ հետ ազատ առեւտրի պայմանագիրը, դառնա Եվրատլանտյան տնտեսական գոտու անդամ, կբարձրանա նաեւ ՀԱՊԿ-ում նրա անդամության հարցը:
Հետխորհրդային երկրներին արեւմտյան ռազմաքաղաքական տարածությանն ինտեգրելու փորձեր արդեն եղել են, օրինակ, Վրաստանում: Ռուսաստանը կարողացել է հնգօրյա պատերազմի, ագրեսորի կարգավիճակի ձեռքբերման, Ռուսաստանի համար մշտապես ցավող ատամ դարձած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի թանկ արժեցած կլանման գնով Վրաստանը ՆԱՏՕ-ից հեռու պահել: Սակայն Վրաստանի պատերազմը դաս էր թե Արեւմուտքի, թե Ռուսաստանի համար:
Այժմ ամեն ինչ այլ կերպ է արվում, սակայն գործը երբեք այսքան հեռու չի գնացել, եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ ընտրության հարցը երբեք այսքան սուր չի եղել: Հայաստանում այդ ընտրությունը հաճախ փորձում են ներկայացնել որպես ճաշակի հարց: Սակայն դա ամենեւին էլ այդպես չէ: Կարող են տարբեր կարծիքներ լինել՝ կանաչն է լավ գույն, թե կարմիրը, սակայն հազիվ թե երկու կարծիք լինի Մերսեդես, թե Ժիգուլի հարցում: 

 

Նաիրա Հայրումյան