Կրասնոդարի երկրամասում այրվել է հատուկ նշանակության մի ավտոմեքենա, որի մեջ եղել է աղմկարարության համար ձերբակալված քաղաքացին: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել Կրոպոտկինո քաղաքում: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել տուժածի քրոջ կանչով, ով հայտարարել է, որ 30-ամյա Ալեքսանդր Կամենսկին իրեն սպառնում է հաշվեհարդարով: Ոստիկանները ձերբակալել են հասարակական կարգը խախտողին և նրան նստեցրել ծառայողական «ՈւԱԶ»-ի մեջ, որից հետո գնացել են զրուցելու վկաների հետ: Մի քանի րոպե անց մեքենան բռնկվել է: Ոստիկանության աշխատակիցները արագ կարգով քայլեր են ձեռնարկել ձերբակալված քաղաքացուն այրվող մեքենայից դուրս բերելու և հրդեհը մարելու ուղղությամբ, զանգահարել են հրշեջ ծառայություն և շտապ օգնություն: Ալեքսանդրին ի վերջո հաջողվել է դուրս բերել այրվող մեքենայից: Սակայն պարզվել է, որ նրա մարմնի 90 տոկոսը ծածկված է այրվածքներով: Այժմ բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքը փրկելու համար: «Այս պահին Քննչական կոմիտեի աշխատակիցները պարզաբանում են այն հարցը, թե արդյոք իրավունք ունեին ոստիկանության աշխատակիցները ձերբակալվածին թողնել հատուկ մեքենայի մեջ առանց հսկողության: Իսկ հրդեհի ծագման վարկածներից մեկն այն է, որ մեքենայի շարժիչի էլեկտրահաղորդակցման լարերում կարճ միացում է տեղի ունեցել»,- հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի քննչական վարչության ղեկավարի օգնական Իվան Սենգերովին՝ հաղորդում է «lifenews.ru»-ն: