tert.am ԱՄՆ-ում «Հայկական ուժ» խմբավորման ևս 8 անդամ ընդունել է իր մեղքը մի շարք հանցագործություններում, որոնց թվում՝ կողոպուտներ, սպանություններ, առևանգումներ, դրամաշորթություն, խարդախություն, թմրանյութերի մաքսանենգություն և զենքի ապօրինի շրջանառություն, հայտնում է Газета-ն` РИА Новости-ին հղումով։

 

Այդպիսով` իրենց մեղքն ընդունած հանցագործների թիվը հասել է 59-ի։ Բոլոր մեղադրյալները ձերբակալվել էին 2011-ին։ Դատարանի առաջ կանգնել է 70 մարդ։

 

Իրավապահ մարմինների տվյալներով` «Հայկական ուժը» կազմակերպել է բազմաթիվ խարդախություններ, գողացել է անձնական տվյալներ և կեղծ հաշիվներ բացել HSBC և Bank of America բանկերում։

 

«Հայկական ուժը» ստեղծվել է 1980-ական թվականներին, Լոս Անջելեսում։ Բանդայի կազմում հիմնականում եղել են Հայաստանից և նախկին Խորհրդային միության այլ երկրներից ժամանած մարդիկ։ Ընդհանուր առմամբ, խմբավորման կազմում ընդգրկված է եղել առնվազն 250 մարդ։

 

Խմբավորման անդամների դատավճիռը կկայացվի նոյեմբերի 25-ից։ Որոշ մեղադրյալների ավելի քան 100 տարվա ազատազրկում է սպառնում։