Արդեն տեղեկացրել էինք, որ այս պահի դրությամբ Ազատության հրապարակը մարդաշատ է:

 

Ցուցարարները պատրաստվում են ակցիա կազմակերպել՝ Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու համար:

 

Հրապարակում են նաեւ մեծ թվով ոստիկաններ. նրանք պատ են կազմել Մաշտոցի պողոտայի ու ամբողջ երթուղու երկայնքով եւ ակտիվիստներին թույլ չեն տալիս փողոցով քայլել։ Ակտիվիստները պնդում են, որ քայլելու են փողոցով։ Վիճաբանություն տեղի ունեցավ իրավապաշտպան Արթուր Սաքունցի եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջեւ։ Վերջինս ասաց, որ բախումների ցանկություն չունեն:

 

Ոստիկանները խլեցին ակտիվիստների ցուցապաստառները:

 

«Իմ դուխը ընկած չի, թե չէ ասյտեղ չէի լինի։ Առաջին անգամ այսօր զգացի, որ մարդիկ կարող են համախմվել ու պայքարել»,- լրագրողներին ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

 

Հրապարակում է նաև ԱԺ ժառանգական պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա Շանթ Հարությունյանի եւ մյուսների ձերբակալությունը քաղաքական հետապնդում է որակում:

 

Ակտիվիստները ոստիկաններին ասացին, թե մի օլիգարխի համար ամբողջ քաղաքը փակում եք, մենք իրավունք չունե՞նք մի փողոց փակել:

 

Ակտիվիստներն այժմ ոստիկանների հասցեին տարբեր վանկարկումներով շարունակում են երթը: