Ինչպես հայտնում է itar-tass-ը, Իրաքի Էլ-Ֆալուջա և Ռամադի քաղաքներում վերջին 10 օրվա ընթացքում մղված մարտերի հետևանքով' զոհերի ու վիրավորների թիվը հասել է մոտ 370-ի: Այս մասին տեղեկացրել են Իրաքի իրավապաշտպան կազմակերպությունները:

 

Ռազմական գործողությունների հետևանքով' զոհվել է 72 մարդ, որոնցից 13-ը կանայք են, իսկ 21-ը՝ երեխաներ, մոտ 297 մարդ վիրավորվել է: Բժիշկները նրանցից 89-ի վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

 

Ընթացող մարտերի ժամանակ բնակիչների մի մասը հարկադրված է եղել իրենց մերձավորներին հուղարկավորել տան բակերում և փողոցներում: Էլ-Ֆալուջայի ու Ռամադիի համար մղվող մարտերի հետևանքով' իրենց տներից հարկադրված է եղել հեռանալ մոտ 18.000 ընտանիք:

 

Հիշեցնենք, որ Իրաքի արևմտյան Անբար նահանգում, որի տարածքում են Ֆալուջա ու Ռամադի քաղաքները, իրավիճակը սրվել է դեռևս 2013-ի դեկտեմբերի 21-ից։ Դեկտեմբերի 30-ին կառավարական ուժերը ցրել են Ռամադի քաղաքում տեղակայված մշտական վրանային ճամբարը, որտեղ հավաքված սուննի մուսուլմանները բողոքում էին կառավարության դեմ։ Նրանք հայտարարում էին, որ վարչապետ Նուրի ալ Մալիքիի գլխավորությամբ' շիա մուսուլմանները սեփականացրել են իշխանությունը ու հաշվի չեն առնում սուննիներին։