Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հաստատված հրադադարի ռեժիմի պահպանումն անչափ կարևոր է կողմերի մոտ վստահությունը վերականգնելու հարցում: Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, որ վերջին շրջանում առկա լարվածությունը թուլանա: Այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Կարծում եմ, որ ներկայիս լարվածությունն իսկապես ազդում է բանակցային գործընթացի վրա: Բարդություններից մեկն էլ այն է, որ 20 տարի անց կա մի վիճակ, երբ ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն»,-ասել է ԱՄՆ համանախագահը:

 

Նա վստահություն է հայտնել, որ հանդիպումները երկրների նախագահների և արտագործնախարարների հետ հետագայում ևս կշարունակվեն, իսկ ԵԱՀԿ համանախագահները կաջակցեն կողմերի միջև երկխոսությանը: Փետրվարի 5-ին համանախագահները Բաքվից այցելել են Երևան:

 

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը: