Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ, 2-ն էլ' հանրապետության հյուսիսում: Մարտի 28-ին Սպիտակ քաղաքից 8 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3-4 բալ է կազմել: Մարտի 31-ին Աշոցք գյուղից 5 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն: Տարածաշրջանում նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ: Երկրաշարժերից 3-ը' 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան, 2-ն էլ' 3 բալ ուժգնությամբ Իրանի Ահար և Ադրբեջանի Զաքաթալա քաղաքների տարածքում են գրանցվել: Մարտի 31-ին 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Իրանում' Մակու քաղաքից 28 կմ դեպի հարավ-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս մարտի 27-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 6 և ավելի մագնիտուդով 6 երկրաշարժ, որից 4-ը' Չիլիի Իկիկե նավահանգստային քաղաքի ափամերձ գոտում: Ապրիլի 1-ին նշված տարածքում տեղի է ունեցել 8.2 մագնիտուդով ուժեղ սեյսմիկ իրադարձություն, որին երկու օրվա ընթացքում հետևել են 6.2-ից մինչև 7.6 մագնիտուդերով 4 ուժեղ հետցնցումներ: Նախնական տվյալներով, ստորգետնյա ցնցումների և առաջացած մինչև 3 մետր բարձրությամբ ցունամիի հետևանքով զոհվել է 6 մարդ, որից մեկը' սրտի կաթվածից, կան վիրավորներ, ավերվել է 2600 շենք, ակտիվացել են սողանքներ' փակելով ճանապարհները, Տարապակայի նահանգում 40 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, 2 օրվա ընթացքում Չիլիում տարհանվել է շուրջ 1 մլն. մարդ, այդ թվում' պետության նախագահը:
Իկիկեում բանտից, շենքի քանդվելու պատճառով, փախել է ավելի քան 300 կին բանտարկյալ, որից 131-ն ինքնակամ վերադարձել է: Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը հայտարարել է ցունամիի վտանգի մասին, կազմակերպվել է տարհանում նաև լատինաամերիկյան մյուս երկրների ափամերձ բնակավայրերում, ցունամիի ալիքները հասել են մինչև ճապոնական ափեր: Ապրիլի 2-ին Պանամայում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6 մագնիտուդ ուժ, զոհեր և ավերածություններ չկան: