ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ապրիլի 14-ին, համակարգի պատասխանատուներին ներկայացնելով ՀՀ նոր վարչապետի նշանակման հետ կապված տեղեկատվությունը, կոնկրետ հանձնարարականներ է տվել նրանց' պահանջելով առանձնահատուկ ուշադրություն դարձնել աշխատանքային կարգապահության պահպանմանն ու նախատեսված միջոցառումները սահմանված ժամկետներում ու բարձր որակով իրականացմանը։ Կարապետյանը կարեւորել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների գրաֆիկների պահպանումը, ցրտահարությունից տուժած համայնքներին օժանդակություն ցուցաբերելու ՀՀ կառավարության որոշման պահանջների կատարումը։ Անհրաժեշտ է սերմացուի, դիզելային վառելիքի և պարարտանյութի տրամադրման պետական աջակցության ծրագրերի իրականացման ժամկետների ապահովումը։

 

Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է ապրիլի 15-ից մարզերում սկսել ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմացուի բաշխման աշխատանքները։ Խոսելով կառավարության կազմի հետ կապված նոր մոտեցումների մասին' նախարարի պաշտոնակատարը կրկին հիշեցրել է նախատեսված ծրագրերի իրականացման գործում անձնական պատասխանատվության կարևորությունը։