Շիրակի մարզում սկսվել է կարտոֆիլի ցանքը: Այն կշարունակվի մինչև հունիսի 10-ը: Դիտարկումները ցույց են տալիս, որ այս տարի Շիրակում կարտոֆիլի ցանքերի նվազում է նկատվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը: «Հիմնական պատճա ռն այն է, որ աշնանն ու գարնանը և՛ սերմացու, և՛ պարենային կարտոֆիլի գնային սանդղակի բավական աճ գրանցվեց, և շատ գյուղացիական, նույնիսկ որոշ ֆերմերային տնտեսություններ անգամ սերմացուն վաճառեցին որպես պարենային կարտոֆիլ: Բացի այդ, գրեթե երեք անգամ նվազել են Հոլանդիայից և Գերմանիայից ներկրվող կարտոֆիլի ծավալները: Պատճառն այն է, որ նախորդ տարիներին հնարավոր էր ներկրումն իրականացնել կանխավճարով, իսկ այս տարի՝ միայն ուղղակի վաճառքով: Այս պահի դրությամբ մենք մարզում երեք անգամ պակաս սերմ ենք ստացել: Այս վերլուծությունը խոսում է այն մաս ին, որ կարտոֆիլի ցանքերի նվազում կունենանք»,-նշեց Մովսես Մանուկյանը:

 

Եթե արտադրության մասով, ըստ պատասխանատուի, խնդիր չի լինի, ապա խնդիր կլինի գնային առումով: «Եթե պահպանվեն նույն գնային սանդղակը և արտահանման ծավալները, ապա գնային խնդիր կլինի: Գիտեք, որ մարզում արտադրված կարտոֆիլն արտահանվեց և՛ Իրանի Իսլամական Հանրապետություն, և՛ Վրաստան, եթե արտահանման այս ծավալները պահպանվեն, անպայման խնդիրն առաջ կգա: Սա իր հետ կառաջացնի նաև սերմացուի պակասի և ներքին շուկայի խնդիր: Սրա վրա միայն ու միայն շուկան է ազդելու»,-նշեց Մովսես Մանուկյանը:

 

Ի տարբերություն կարտոֆիլի' բանջարանաբոստանային մշակաբույսերի հետ կապված խնդիր չի լինի: Այստեղ ծավալն ու իրացման շուկան գրեթե նույնն են: Ցավոք, խնդիր կլինի նաև կերերի կուտակման հետ կապված: Մարզի շատ տարածաշրջաններում, անցած տարվա հետ համեմատ, կերային խոտաբույսերի բարձրությունը շատ նվազ է: Խնդիրն հիմնականում առկա է Արթիկի և Անիի տարածաշրջաններում: Հիմնական պատճառը մարտի սկզբի տեղումների պակասն է: «Եթե գարնանացանի աշխատանքերն սկսում ենք մարտին, ապա մարտին նաև տեղումներ են պետք, որպեսզի խոտաբույսերն ու կերային կուլտուրաներն աճեն, իսկ մեզ մոտ տեղում առաջին անգամ եղել է մոտ 10 օր առաջ: Այդ տեղումները միգուցե ինչ-որ չափով օգնեն, բայց այն արդյունքը չենք ունենա, ինչ անցած տարիներին: Մենք ամեն տարի կուտակել ենք մոտ 100 հազար տոննա խոտ, բայց այս տարի բավական պակաս խոտ ու կերային մշակաբույսեր կկուտակենք: Խնդիրն այն է, որ այս կուլտուրաները ցանվում են հիմնականում անջրդի տարածքներում»,-ավելացրեց Մովսես Մանուկյանը:

 

 

Արմենուհի Մխոյան