ԱՄՆ-ն և Իրանն այս շաբաթվա ընթացքում ուղղակի բանակցություններ կանցկացնեն Իրաքում իսլամիստ զինյալներին հակազդելու բնագավառում հնարավոր համագործակցության շուրջ: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal ամերիկյան թերթը:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը շահագրգռված է Իրաքի իրադրությունը քննարկել «Իրանի և տարածաշրջանի շահագրգիռ մյուս կողմերի հետ», որպեսզի համակարգի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական շարժմանը հակազդելու ջանքերը:

 

Շարժման զինյալներն անցած շաբաթ իրենց հսկողության տակ են վերցրել երկրի մի շարք բնակավայրեր և փորձում են հարձակում ծավալել Բաղդադի ուղղությամբ: Իսլամիստների դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու խնդրանքով հունիսի 14-ին Արևմուտքին է դիմել Իրաքի արտաքին գործերի նախարար Խոշիյար Զեբարին:

 

Իրանն արդեն հայտարարել է, որ պատրաստ է օգնություն ցուցաբերել Իրաքի իշխանություններին, միաժամանակ նա ուժեղացրել է Իրաքի հետ սահմանի պահպանությունը:

 

Ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակն ու վայրն առայժմ որոշված չեն: Հրատարակությունը նշում է, որ դրանք կարող են տեղի ունենալ Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) բանակցություններին զուգահեռ, որոնք մեկնարկել են հունիսի 16-ին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: