Բոլորովին վերջերս էլ պարզ դարձավ, որ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի վարույթ է ուղարկվել նաև Վ. Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հոր՝ Սամվել Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նշենք, որ Սամվել Սարգսյանը ՇՄ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետն է:

Շիրակի մարզի դատախազությունում նախկին ոստիկանապետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս խոչընդոտել է քննիչի աշխատանքները և թույլ չի տվել հարցաքննել իր տղայի գործով որպես վկա հրավիրված բարեկամներից մեկին (ՀՀ ՔՕ 332 հոդվածի 1-ին մասով՝ «Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը»): Սա ենթադրում է ֆինանսական որոշակի պատասխանատվություն՝ տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկում' առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հարություն Սարգսյանի հայրը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, ծավալուն հարցազրույց է տվել, որի ժամանակ մի շարք աղմկոտ բացահայտումներ է արել իր դեմ հարուցված քրեական գործի, Վ. Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության, ինչպես նաև՝ ոստիկանական համակարգի մասին, ուր աշխատել ու պատասխանատու պաշտոն է զբաղեցրել 46 տարի շարունակ: Galatv.am-ը ներկայացնում է այդ հարցազրույցն ամբողջությամբ:

-Պարոն Սարգսյան, Ձեր դեմ ևս վերջերս քրեական գործ է հարուցվել, Դուք մեղադրվում եք այն բանի համար, որ խոչընդոտել եք քննիչի աշխատանքները և թույլ չեք տվել հարցաքննելու Ձեր տղայի գործով որպես վկա հրավիրված բարեկամներից մեկին : Դա այդպե՞ս է:

-Հարգելի՛ լրագրողներ, չորրո՛րդ իշխանություն, ոնց որ տղայիս գլխին են սարքել, հիմա իմ գլխին են ուզում սարքել: Քննչական ապարատն աշխատել է թելադրանքով, աշխատել է կամակատարությամբ և հրահանգով, որ անպայման մարդու գլխին պետք է սարքել: Այդ ամենն արվում է նրա համար, որ փաստեր ձեռք բերեն: Հարությունին դատապարտել են, որովհետև մարդիկ կան, ովքեր շահագրգռված են, էդ շահագրգռվածությունը հասել է մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանի միջոցով, որը տղայիս ծեծել է, և մինչև հիմա վերքերը չեն լավացել:

Ես հայտարարում եմ, որ մեր ընտանիքի նկատմամբ կատարվում է քրեական հետապնդում: Այսինքն, ցանկացած պահի իրենք ուզում եմ դատապարտել, վախեցնել, լռեցնել, որ չկարողանանք խոսել, որպեսզի տղաս իրանց թելադրանքը գրի, պրծնենք: Հիմա հոգեբանորեն են ճնշում, ասում են՝ այսպիսին է՝ հորդ էլ ենք դատի տալիս, որ երեխեն հորից, մորից քրոջից վախենա, հոգեբանորեն ճնշվի: Հիմա ես ինչի՞ եմ այսպես անկեղծ խոսում, որովհետև գործը մտավ դատարան, և հիմա էլ Կարեն Բաբակեխյանը չի կարող գլխին սարքել, որ ժամանակին սարքել է Ջհանգիրյան Գագիկի գլխին, Սաղաթելյան Մուշեղի գլխին կամ Ջհանգիրյանի հաշմանդամ եղբոր գլխին: Նա սարսափելի անձնավորություն է. զենքը տարել սարում գցել է, պարզվել է, որ էս երեխան (ի նկատի ունի Կարեն Եսայանին - Ք. Մ.) էդ զենքով սպանված չէ: Ես ողբում եմ էս տղայի համար: Հետո ապակողմնորոշում են մորը, հարազատներին...

-Ձեր տղան հայտարարեց դատարանի դահլիճում, որ նրան նախաքննության ընթացքում ծեծի են ենթարկել, որ ցուցմունք գրի, հետո հոդված են փոխել...

-Երեխի վրա կրակել է Բաբակեխյան Կարենը: Գիշերը ծեծի է ենթարկել սարսափելի ձևով իրա տեղակալ Ենգոյան Վահրամի հետ: Էնքան են ծեծել տղուս, որ հետո դատարան են տարել բաբուջներով: Հիմա պատվերով ուզում են տղայիս դատել: Զենք ու զինամթերք կրելու-պահելու հոդվածը հանել են, բերել են ուրիշ հոդված՝ շահութահարկ թաքցնել մեքենաների վաճառքից: Ի՞նչ է կատարվում, ես ոչ մի բան չեմ հասկանում: Խնդրում եմ ինձ Դուք բացատրեք՝ շահութահարկը ի՞նչ կապ ունի սպանության հետ: Դա արվում է նրա համար, որ հիմք ունենան, կարողանան պահել: Ես էլ եմ ոլորտում աշխատել, ես էլ եմ խախտումներ թույլ տվել, ես էլ աստվածապաշտ չեմ եղել: Համակարգում 46 տարի ծառայել եմ, ինձ համար բոլորը հասկանալի է... Թերթերում գրել են, որ ինձ օրգանից հեռացրել են աշխատանքից. սուտ է, ես զոռով եմ գնացել թոշակի:

-Այսինքն՝ Դուք երկար տարիներ աշխատելով ոստիկանական համակարգում՝ պնդում եք, որ սարսափելի բանե՞ր են տեղի ունենում, համակարգը այդքան նեխա՞ծ է:

-Ես միության կադր եմ, ես օրենքն իմանալով՝ մշտապես վախ եմ ունեցել՝ իմ մեջ թերություններ թույլ չտալ: Ախուրյանում իմ աշխատած ժամանակ ես միլիցիա էի, իմ անունը դրել էին դատախազ, ասում էին, որ օրենքը խիստ պահպանում էի, ոչ մի անգամ թիկնապահով ման չեմ եկել և անօրինական բան չեմ արել, սուրբ էլ չեմ եղել, ինձ հետ աշխատողները կարող են դա հավաստել:

-Ծանոթություն, կապ Կարեն Եսայանի հետ Ձեր որդին ունեցե՞լ է:

-Տղայիս կանչեց, զանգեց Գյումրի քաղաքի բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը: Զանգեց ինձ, թե՝ պարոն Սարգսյան, Ձեր որդին եղել է ավտոլվացման կետում, ընդեղ մի հատ մեքենա է եղել և Ձեր որդու մեքենան, գուցե կճանչե՞: Իմ տղեն էդ ժամանակ տանը չի եղել, եղել է Վրաստանում, ասել եմ, որ Վրաստանում է, հենց եկավ ես Ձեզ տեղյակ կպահեմ: Տղաս եկել է, զանգել ասել եմ՝ հենց հիմա տղայիս հետ գալիս եմ: Ոստիկանությունում զրուցել եմ Կարենի հոր հետ՝ Ռազմիկի: Մարդիկ լիարժեք համոզվեցին, որ կապ չունենք... Հիմա տեսեք, դիակը, դեպքի վայրը չգտած՝ հայտարարում էին արդեն, որ սպանություն է եղել: Դիակը գտել են քաղաքապետարանի աշխատողները: Հիմա ավտոմեքենայի վրա կան մատնահետքեր, գործող մատնահետքեր, իրենցից պահանջում ենք մատնահետքեր հանել, ասում են՝ Բաբակեխյան Կարենը պտի գրի, իսկ Կարենը շահագրգռված է, մեծ գումար է վերցրել: Ասում եմ՝ բացարձակ, ասում եմ՝ հանրապետության նախագահն էլ լսե, թող թեկուզ տղիս տան 15 տարի, ինչ կուզեն տան, ես արդարությունն եմ պահանջում: Միայն արդարություն:

-Պարո՛ն Սարգսյան, ասում են՝ կադրեր կան, տեսանյութեր...

-Ես տեսել եմ կադրերը. մեկ մեքենան դիմացից, մեկն էլ մեր լեզվով ասած՝ «կռիլոն», և ոչ մի համարանիշ չի երևում: Ասում են՝ սա Կարենի մեքենան է, սա էլ իմ տղայի՝ Հարություն Սարգսյանի մեքենան է: Կարենը մեքենայի դուռը բացում է, չես կարող ասել՝ ի՞նքն է, թե՞ ոչ: Իրանք 5 լուսանկար են ուզել, ես սաղ լուսանկարներն եմ տարել: Էդ տղան մեջքից է երևում՝ գլուխը մազ կա, սև է, իսկ իմ տղայի գլխից ճանաչում եմ, մազ չկա: Էսպիսի շառով տալ, պատվերով աշխատել, հնարավոր չէ: Ես սպասում եմ, որ տղայիս 15 տարի տան: Ես կարող եմ ցանկացած պետությունից Եվրոպական դատարան տալ: Ես գնալու եմ ԱՄՆ դեսպանատնից ապաստարան եմ խնդրելու, չտվեցին՝ գնալու եմ Թբիլիսի...

-Պարո՛ն Սարգսյան, հենց առաջին իսկ օրերից վարկած էր շրջանառվում՝ սպանություն խանդի հողի վրա...

Ո՛չ իմ տղեն է տեսել էդ աղջկան, ո՛չ էդ աղջիկը, բացառվում է, որ ասեմ, իրար չեն էլ ճանաչել: Իմ տղեն ընտրյալ աղջիկ ունի՝ սպասում է, որ ամուսնանա:

Քրիստինա Մկրտչյան