Մալայզիայի փորձագետները կշարունակեն Ուկրաինայում կործանված Boeing-ի զոհված ուղեւորների որոնումները, քանի դեռ ավիաաղետի բոլոր զոհերի մարմինները չեն հանձնվել նրանց ընտանիքներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 5-ին հաղորդել է Star թերթը՝ հղում անելով երկրի վարչապետ Նաջիբ Ռազակին:
«Մենք փնտրելու ենք առկա բոլոր նյութական վկայություններն ու աղետի վայրում մնացած զոհվածների մնացորդները: Ես աշխատանքները չեմ դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր աճյունները չեն փոխանցվել համապատասխան ընտանիքներին»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:
Իր հերթին թագավորության տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայն ընդգծել է Ուկրաինայի արեւելքում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը:
«Հրադադարը կենսականորեն կարեւոր է, քանի որ մեզ հարկավոր է հավաքել զոհվածների մնացորդները եւ վերադարձնել ինքնաթիռի բեկորները»,- ընդգծել է նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: