«Բաշնեֆտի» գործով ներգրավված Լևոն Հայրապետյանը էլեկտրոնային ապարանջան է կրում, որպեսզի վերահսկվի նրա տնային կալանքը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով Պատիժների իրագործման դաշնային ծառայության ներկայացուցիչ Կրիստինա Բելոուսովային։

 

Ուրբաթ օրը դատարանը բավարարել է քննիչի՝ Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Գործարարն ազատ է արձակվել հետաքննչական մեկուսարանից և փոխադրվել տնային կալանքի:

 

«Հայրապետյանին էլեկտրոնային ապարանջան են հագցրել, որը թույլ կտա քրեակատարողական տեսչության աշխատակիցներին վերահսկել տնային կալանքի պայմանների պահպանումը: Բացի այդ, տեսչության աշխատակիցները պարբերաբար կայցելեն կալանավորին»,- ասել է Բելոուսովան:

 

Հայրապետյանը մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ իրականացված ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման մեջ:

 

Հետաքննության համաձայն՝ Հայրապետյանը ունի երկքաղաքացիություն և անշարժ գույյք արտասահմանում, մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրում էր Մոնակոյում: Հենց այդ փաստով էլ քննությունը հիմնավորել է մեկուսարանում նրան կալանավորելու անհրաժեշտությունը (կալանքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 15-ին):