Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Կառավարության կառտուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

Ներկայացված նախագծով առաջարկվում է միավորել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները՝ ստեղծելով մեկ նախարարություն, որը կկոչվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:

 

«Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել նոր նախարարություն, որը կոչվելու է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: Այս երկու առաջարկների նպատակը կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելն է' գործառույթների ճիշտ և արդյունավետ համադրման եղանակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մանուկյանը:

 

Նա արձանագրեց, որ առաջարկվող երկու փոփոխություններով բյուջեում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջանում. Կառավարությունը պատրաստվում է առկա ֆինանսական հնարավորությունների սահմաններում իրականացնել այս փոփոխությունը: