Իրազեկվածության բարձրացման շնորհիվ Հայաստանում նվազել է անցանկալի հղիությունների թիվը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նոյեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շենգավիթ բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վարդանյանը:

 

Բժշկի կարծիքով' ցուցանիշը նվազել է համացանցի լայն օգտագործման շնորհիվ, որի միջոցով կանայք ու տղամարդիկ սկսել են ավելի շատ կարդալ ու տեղեկանալ անցանկալի հղիություններից խուսափելու միջոցների մասին:

 

«Անսպասելի հղիությունների մեծ մասն առնչվում է դեռ պատանեկան տարիքում գտնվող' 16-17 տարեկան աղջիկների հետ: Կան աղջիկներ, ովքեր դպրոցն ավարտելուն պես ամուսնանում ու հղիանում են, նրանց հիմնական մասը ֆիզիկապես պատրաստ է մայրանալուն, սակայն ոչ հոգեպես: Նրանց հետ պետք է տարվի համապատասխան աշխատանք»,- ասաց Վարդանյանը' հավելելով, որ իրենց կենտրոնում տարեկան առավելագույնը կարող է գրանցվել հինգ նման դեպք: Միաժամանակ, մանկաբարձ-գինեկոլոգը նկատում է, որ դեռահասների մայրանալու դեպքեր ավելի շատ գրանցվում են մարզերում:

 

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, կլինիկական հոգեբան Սոնա Հարությունյանը հավելեց, որ հղիությունը, ֆիզիոլագիականից բացի, ունի նաև հոգեբանական առանձնահատկություներ. նոր կարգավիճակը' հղիությունը, նաև սթրեսային իրավիճակ է բերում, և կնոջ մոտ հուզական ոլորտի փոփոխություններ են լինում' երջանկությանը և տարբեր տեսակ ի վախերի առնչվող:

 

«Վախերի հաղթահարման առումով մեծ ազդեցություն կարող է ունենալ հոգեբանական աջակցությունը: Մեծ դերակատարություն կարող են ունենալ նաև գիտելիքների պակասի լրացումը, անձնային հասունությունը և ծնողի մոդելը»,- նշեց Հարությունյանը:

 

Նրա խոսքով' հանրապետության բոլոր կլինիկաներում հոգեբաններ են աշխատում: Հայաստանում հղիները հոգեբանի դիմում են ոչ այնքան սեփական նախաձեռնությամբ, որքան գինեկոլոգի ուղղորդմամբ: