Ստամբուլում ամերիկյան USS ROSS (DDG71) նավից իջած երեք զինվորներին ծեծի են ենթարկել եւ նրանց գլխներին պարկ անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով UlusalKanal-ը, ամերիկացի զինվորների վրա ծովափին հարձակվել են Թուրքիայի երիտասարդական միության անդամները:

 

Նրանք «Yankee Go Home», «Անիծվի ամերիկյան իմպերիալիզմը» գրություններով պաստառները ձեռքներին մոտեցել են ամերիկացի զինվորներին եւ արյուն խորհրդանշող կարմիր գույնի ներկ լցրել նրանց վրա: Շրջակայքում գտնվող քաղաքացիներն աջակցել են թուրք երիտասարդներին: Դրանից ոգեւորված' նրանք հրապարակավ ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորներին եւ պարկ քաշել նրանց գլխին:

 

Թուրքերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի բանակի զինվորներին մարդասպաններ են համարում, եւ պահանջում են, որ նրանք հեռանան իրենց երկրից: Նրանք նաեւ հայտարարել են, որ այդպիսով վրեժ են լուծում' թուրք զինվորների նկատմամբ Իրաքում ամերիկացիների նմանատիպ գործողության համար:

 

2003 թվականի հուլիսի 4-ին Իրաքի Սուլեյմանիե քաղաքում ամերիկյան բանակի զինվորները թուրքական հատուկ ուժերի հրամանատարությանը կից սպաների շտաբում պարկեր էին անցկացրել թուրք զինվորների գլխին: Դրանով ամերիկացի զինվորները բողոք էին հայտնել Թուրքիային' Իրաքում ռազմական գործողություններում միջազգային ուժերին չաջակցելու համար: Այն ժամանակ Թուրքիայի ղեկավարությունը լռության էր մատնել կատարվածը: