Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի ելույթը ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ.

 

«Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի՛ պատգամավորներ,

 

Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանի ջերմ հրավերով պաշտոնական այցով գտնվել բարեկամ Հայաստանում և ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: Վստահ եմ, որ այս այցի շրջանակներում քաղաքական ղեկավարության հետ նախատեսված հանդիպումներն իրենց ուրույն դերակատարությունը կունենան առկա գերազանց հարաբերությունների էլ ավելի ամրապնդման գործում:

 

Այսօր իմ ներկայությունն այստեղ կիպրացի և հայ ժողովուրդների միջև երկարամյա բարեկամության ակնհայտ ապացույցն է և վերստին այն հաստատում է: Այս բարեկամության հիմքն է հանդիսանում անկեղծ համերաշխությունը, որը երկուստեք բազմիցս ցուցաբերվել է դժվար իրավիճակներում: Կիպրոսում հայկական սփյուռքի ներկայությունը լրացուցիչ երաշխիք է մեր կապերը շարունակելու և ավելի ամրապնդելու համար՝ ստեղծելով քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության լայն և բազմակողմ շրջանակ: Այստեղ, այսօր, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում Հայկական կրոնական խմբի արժանապատիվ ներկայացուցիչ պարոն Մահտեսյանի ներկայությունը հաստատում է Հայաստանի հետ անքակտելի կապերի պահպանման մեր հանձնառությունը:

 

Մեր երկու երկրների փոխադարձ աջակցությունը հիմնված է ամուր հիմքերի վրա, որը կոփվել է համատեղ պայքարներով մեր ժողովուրդներին մինչ օրս տառապանքի ենթարկող ընդհանուր թշնամու դեմ, ինչպես նաև ընդհանուր արժեքների և սկզբունքների հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք:

 

Այս բարձր ամբիոնից Ներկայացուցիչների պալատի անդամների և Կիպրոսի ժողովրդի անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Հայաստանի վարած սկզբունքային և կայուն քաղաքականության համար՝ հանուն մեր երկրի և ժողովրդի ազատության ու վերամիավորման: Մեզ հայտնի է այն գինը, որ դուք վճարում եք ձեր աջակցության համար, ինչի համար էլ և երախտապարտ ենք ձեզ:

 

Ինչպես տեղյակ եք, արդեն քառասուն տարի է, ինչ Թուրքիան օկուպացված է պահում Կիպրոսի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները: Կիպրական կողմը հավատարիմ է հասնելու խնդրի արդար լուծմանը՝ եվրոպական իրավունքի, 1977 և 1979 թվականների բարձր ատյաններում ձեռք բերված պայմանավորվածությունների և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի համաձայն: Սակայն մեր բոլոր ջանքերը բախվում են թուրքական անհանդուրժողականությանը և ամբարտավանությանը: Թուրքիան առաջադրում է պայմաններ, որոնք, անկասկած, տանում են այնպիսի լուծման, որի հիմքում ընկած է «երկու պետության» սկզբունքը:

 

Թուրքիան, հավատարիմ լինելով նորօսմանյան գործելաոճին, փորձում է յուրացնել Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում առկա հարուստ բնական պաշարները և որդեգրել է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում ինքնիշխան իրավունքների ոտնահարման քաղաքականությունը: Իրավունքների, որոնք հիմնված են ավանդական իրավունքի վրա և երաշխավորված են 1982 թվականի Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայով: Սակայն Թուրքիայի դրսևորումները հարիր չեն միջազգային իրավունքը հարգող և Եվրամիության անդամ դառնալ ցանկացող պետությանը: Այս պահին թուրքական հետազոտող «Բարբարոս» նավը, ռազմական և օժանդակող նավերի ուղեկցությամբ, անօրինական կերպով գտնվում է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում և որի նպատակն է, ինչպես ներկայացնում է Թուրքիան, սեյսմիկ տվյալների հավաքագրումը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են իրականացվում կազմակերպությունների կողմից, որոնց Կիպրոսի Հանրապետությունը թույլատրել է ուսումնասիրել բնական գազի պաշարների առկայությունը: Թուրքիան չի տատանվում ևհայտարարում է, որ մոտակա ժամանակ նաև արդյունահանման հարթակ է տեղադրելու Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում:

 

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի քայլերը միջազգայնորեն դատապարտվում են, և որպես վառ ապացույց՝ վերջերս՝ նոյեմբերի 13-ին, Եվրոպական խորհրդարանը հստակ բանաձև ընդունեց, Թուրքիայի կողմից իրականացվող խախտումները թեժանում են, և ապակայունացվում է ամբողջ տարածաշրջանը: Միևնույն ժամանակ Թուրքիայի պետական և ռազմական գործիչներն անկաշկանդ և ուղղակիորեն սպառնում են ռազմական ուժ կիրառել, եթե Կիպրոսի Հանրապետությունը շարունակի կիրառել իր ինքնիշխան իրավունքները:

 

Նման պայմաններում Կիպրոսի Հանրապետությունը ստիպված էր կասեցնելու Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բանակցություններում իր մասնակցությունը և հայտարարելու Թուրքիայի դեմ քաղաքական և իրավական քայլերի ձեռնարկման մասին: Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ վախի և բացահայտ սպառնալիքի մթնոլորտում անտրամաբանական է շարունակել բանակցությունները:

 

Թուրքիայի այս դրսևորումները Ձեզ հայտնի են: Համագործակցության արձանագրությունների ստորագրման կասեցումը, հայտնի պատճառներով, որոնք վերջին պահին ներկայացրել է Անկարան, նույն քաղաքականության արտահայտությունն են:

 

Չնայած Անկարայի առաջացրած բարդություններին՝ Կիպրոսը և Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները, միավորեն միջազգային կազմակերպություններում իրենց ուժերը և օգտագործեն կիպրական և հայկական սփյուռքի լծակները որոշումներ կայացնող ատյաններում՝ ընդհանուր ճակատ ձևավորելով ընդդեմ Թուրքիայի քաղաքականության: Ներկայացուցիչների պալատի անդամների և իմ անունից այդ ուղղությամբ գործելու լիակատար պատրաստակամություն եմ հայտնում:

 

Ազգային ժողովի հարգելի նախագահ,

 

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար, որոնց մենք արժանացանք: Ցանկանում եմ, որ Դուք նույն զգացումներն ապրեք հնարավորինս մոտ ժամանակում Կիպրոս կատարելիք Ձեր այցի ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, բարօրություն և ակնկալիքների արագ իրականացում: Հնարավոր է, որ Հայաստանը և Կիպրոսը հզոր պետություններ չեն, բայց մեր հաստատակամությունն արդարացված է: Ուժը չի կարող խոնարհել մեր ժողովուրդներին: Մենք ավելի դժվար պայմաններում ենք գոյատևել և բարգավաճել: Պայքարելով հանուն ազատության և արդարության՝ հայ և կիպրացի ժողովուրդները հաստատուն կամք ունեն, և այդ կամքն անսասան է:

 

Շնորհակալություն»: