Ամփոփված տվյալներով, Արարատի մարզում այս տարի արտադրվել է ավելի քան 112 հազար տոննա խաղողի բերք: Արարատի մարզի խաղող մթերող գործարանները մթերել են 82 հազար 425 տոննա խաղող:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, մարզում գտնվող 19 խաղող մթերող գործարաններից այս տարի մթերում իրականացրեցին 15-ը: Կախված խաղողի տեսակից եւ որակից' մթերումը կատարվեց սկսած 100-170 դրամ սակագնով:

 

Ավեի քան 20 հազար տոննա խաղող պահվում է սառնարանային տնտեսություններում' ձմռանը վաճառելու կամ արտերկիր արտահանելու նպատակով: Մարզում մասնագիտացված սառնարանային տնտեսություններ կան Վերին Արտաշատ համայնքում: Մարզից խաղողի արտահանում իրականացվել է հիմնականում Վրաստան:

 

Տերտերյանի խոսքով, այս տարի մթերող կազմակերպությունների հետ գումարների տրամադրման հաշվով ոչ մի խնդիր չի առաջացել: Մթերողն արտադրողին գումարները հատկացրել է նշված ժամկետներում:

 

Մարտի վերջին հանրապետությունում տեղի ունեցած ցրտահարությունից 30-50 տոկոսով տուժեցին մարզի 670 հա խաղողի վաղահաս սորտերը: Վարչության պետն ասաց, որ, չնայած այդ ամենին, այս տարի արտադրվեց սպասվածից ավելի բերք, ինչը պայմանավորված էր խաղողի այգիների ավելացմամբ եւ երիտասարդ տնկիների բերքատվությամբ:

 

2013 թվականին մարզում արտադրվել էր 104 հազար տոննա խաղող, որից մթերվել էր 90 հազար տոննան' հիմնականում տեխնիկական տեսակները: Նախորդ տարի մարզում արտադրված խաղողը մթերվել է հիմնականում Երեւանի կոնյակի գործարանի, Երեւանի կոնյակի, գինու կոմբինատի Մասիսի մասնաճյուղի, Արարատի գինու գործարանի, Պռոշյանի կոնյանի գործարանի, Երասխի գինու գործարանի կողմից' 1 կգ-ը սկսած 140 դրամից, առանձին տեսակները' 150 դրամով:

 

 

Լիլիթ Մաճկալյան