Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիա նոր գազատար կառուցելու վերաբերյալ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը' Անկարայում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ անցկացրած բանակցություններից հետո:

 

«Հաշվի առնելով Թուրքիայի աճող պահանջարկը, մենք պատրաստ ենք ոչ միայն ընդլայնել «Երկնագույն հոսք»-ը, այլ նաեւ ես մեկ գազատար խողովակաշարի համակարգ կառուցել Սեւ ծովի հատակով դեպի Թուրքիա: Նպատակահարմար գտնվելու դեպքում' Հունաստանի հետ Թուրքիայի սահմանին նոր գազային պահեստարան կկառուցենք հարավային Եվրոպայի սպառողների համար», -ասել է Պուտինը:

 

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը ճշտել է, որ խոսքը տարեկան 63 մլրդ խմ ծավալով գազատարի շինարարության մասին է, որի վերաբերյալ երկուշաբթի Անկարայում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել իր ղեկավարած ընկերության եւ թուրքական նավթագազային «Բոթաշ» ընկերության միջեւ: Միլլերը ճշտել է, որ նոր գազատարի միջոցով տարեկան 14 մլրդ խմ գազ է մատակարարվելու անմիջապես Թուրքիայի կարիքների համար, իսկ մնացածը' Թուրքիայի եւ Հունաստանի սահման:

 

Վլադիմիր Պուտինն Անկարայում հայտարարել է նաեւ, որ «Հարավային հոսք» գազատարի նախագծի շարունակումն ընթացիկ պայմաններում անհնարին է դարձել' գազատարի շինարարության առնչությամբ Եվրամիության ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: «Հաշվի առնելով այն, որ մինչ այժմ մենք չենք ստացել Բուլղարիայի թույլտվությունը, գտնում ենք, որ Ռուսաստանն այս պայմաններում չի կարող շարունակել տվյալ նախագծի իրագործումը»,-ասել է Պուտինը:

 

Համաշխարհային եւ եվրոպական մամուլը Պուտինի այդ հայտարարությունը մեկնաբանել է որպես Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանի կողմից պատժամիջոց: