Ազգային ժողովում այսօր շարունակվում է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի քննարկումը:
Ելույթով հանդես եկավ պատգամավոր Հրանտ Բագրատյանը. «Մենք զիջում ենք մեր ինքնիշխանության 1/3-ը: Ցանկացած միություն փոխանակություն է: Մենք արդեն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ էինք, եթե իմ գործունեությանն իբրև տնտեսագետ հետևել եք, ես նշում եմ, որ ԵՄ-ի դեմ ՄՄ ստեղծելը դեզինտագրացիա է, և սկսվում է առճակատումների շրջանը»,- ասաց Բագրատյանը:
Նա հիշեցրեց 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունները, որի ժամանակ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհանիսյանը «գոռում էին Եվրոպայի մասին», սակայն ինքը բարձրաձայնել է, որ դա անհնար է: Բագրատյանի կարծիքով, եթե այլընտանք չկար, գոնե պետք էր այլ կերպ բանակցել:
Բագրատյանը նշեց, որ ուկրաինական դեպքերից հետո նույնիսկ Ուկրաինայում գազի սակագինն ավելի էժան է, քան մեզ մոտ.
«Էդպես եք մտածում, դուրս եկեք կառավարությունից, դուրս եկեք իշխանությունից, իշխանությունը տվեք մեզ… Ինձնից ձեզ խորհուրդ՝ եթե գնում եք ռուսների հետ բանակցելու, պրոֆեսիոնալ եղեք»,- ասաց նա:
Բագրատյանին հատկացված ժամանակը սպառվեց, սակայն նա դեռ շարունակում էր խոսել, սակայն լսելի չէր: Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. «Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ էն ինչ-որ ինքը ուզում ա՝ տվողը մենք չենք, տվողը ժողովուրդն ա, ժողովուրդն էլ որոշել ա՝ ում տա»: