Ադրբեջանի Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Եթիրմիշլին հայտարարել է, որ 2014 թվականի հունվարից մինչ այսօր երկրի տարածքում 7000-ից ավելի ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ANSPRESS-ը, Ադրբեջանի գլխավոր սեյսմոլոգն ասել է. «Ներկայում սեյսմոլոգիական ակտիվություն է դիտվում Կասպից ծովում եւ եւ Ադրբեջանի շրջաններում: Այդ ակտիվությունն սկսվել է վերջին տարիներին Հաջիգաբուլում տեղի ունեցած 5 բալ ուժգնությամբ երկրաշարաժերից, ինչպես նաեւ Գաբալայում, Զաքաթալայում, Բելոքանում, Աղստաֆայում եւ Ղազախում գրանցված ստորգետնյա ցնցումներից հետո»:

 

Նրա խոսքով' վերջին օրերին օրվա ընթացքում Ադրբեջանում երբեմն 18-19, երբեմն էլ 50-60 ստորգետնյան ցնցում է գրանցվում:

 

Ադրբեջանական լրատվական գործակալությունը հայտնել է, որ դեկտեմբերի 3-ի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Շամախիում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 06:34:57-ին Գոբուստանից 20 կմ արեւմուտք: Նախնական տեղեկություններով' ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել 15 կմ խորության վրա 3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժը չի զգացվել: Ավերածություններ եւ զոհեր չեն գրանցվել:

 

2012 թվականին Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում տեղի ունեցած 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ էր առաջացրել, զոհվել էին նվազագույնը 5 բնակիչներ: Երկրաշարժի հետեւանքները դեռեւս ամբողջությամբ վերացված չեն: