Ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Լեյլա Յունուսի փաստաբան Ռամիզ Մամեդովը չի կարողացել տեսակցել իր պաշտպանյալի հետ: Մամեդովին տեղեկացրել են, թե իբր Յունուսը չի ցանկացել հանդիպել, մինչդեռ փաստաբանը կարծում է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը խիստ վատթարացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az պարբերականը:
Փաստաբանը նշել է, որ վերջին անգամ Յունուսին հանդիպել էր մեկ շաբաթ առաջ, և դեռ այդ ժամանակ նա ունեցել է բարձր զարկերակային ճնշում, իսկ արյան մեջ շաքարի պարունակությունը գերազանցել է նորման: «Լեյլա Յունուսը դժվարությամբ է տեղաշարժվում: Նա շարունակ լալիս է և շատ գունատ դեմք ունի… դա մահացող մարդու դեմք է»,- նշել է Մամեդովը' ընդգծելով, որ իրավապաշտպանի կյանքը վտանգված է:
Լեյլա Յունուսը ձերբակալվել է 2014 թվականի ամռանը: Իշխանությունները նրան մեղադրում են տարբեր հանցանքների, այդ թվում և պետական դավաճանության և Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ: Իրավապաշտպանը հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: Տարբեր միջազգային կազմակերպություններ նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ: