ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում դեկտեմբերի 8-ին մեկնարկել են մարզաձևերի ազգային ֆեդերացիաների 2014 թվականի գործունեության հաշվետվության և 2015 թվականին կատարվելիք աշխատանքների վերաբերյալ տարեվերջյան ամփոփիչ լսումները: Լսումներին ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյա նը և համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: Լսումների առաջին օրն իրենց հաշվետվություններն են ներկայացրել Խոտի հոկեյի, Թաեքվանդոյի, Վոլեյբոլի և Սեղանի թենիսի ֆեդերացիաները: Հաշվետվությունները ներկայացրել են մարզաձևերի պատասխանատուները և հավաքականների ավագ մարզիչները:

 

Ներկայացվել են 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվություններ: Առանձին կետերով ներկայացվել են ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդական և պատանեկան հավաքականների հետ տարվող աշխատանքները:

 

Ֆեդերացիաների ղեկավարները ներկայացրել են 2015 թվականին Բաքվում տեղի ունենալիք Եվրոպական առաջին խաղերի, ինչպես նաև Ռիո 2016–ին տվյալ մարզաձևը ներկայացնող ամենահավանական թեկնածու մարզիկներին, այդ մարզիկներին լավագույն ձևով նախապատրաստելու ծրագրերը:

 

Նախարարն իր խոսքում ասել է, որ մարզաձևերի զարգացման համար պետք է ընդլայնել դրանց աշխարհագրությունը, չսահմանափակվել միայն Երևանով և աշխատանքներ տանել նաև մարզերում: Նախարարը նաև նշել է, որ պետական միջոցների հատկացումներն այսուհետ լինելու են խիստ հսկողության տակ, և ֆեդերացիաների ներկայացրած 2015 թվականի համար նախահաշիվները պետք է լինեն ամբողջությամբ հիմնավորված: