ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքը որոշել է 1500 զինվոր ուղարկել Իրաք' իրաքյան, ինչպես նաև քրդական ուժերին մարզելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, որոշման նպատակն է ամրապնդել իրաքյան ուժերը ԻՊ-ի դեմ պայքարում: ԱՄՆ-ի զինված ուժերի գեներալ Ջեյմս Թերին ողջունել է ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի պայքարի համար ներդրված ջանքերը:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարար Չակ Հեգելը դեկտեմբերի 9-ին ժամանել է Բաղդադ՝ քննարկելու ԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ հարցեր: Նախարարը հանդիպումներ կունենա վարչապետ Հեյդար ալ Աբադիի և Պաշտպանության նախարար Խալիդ ալ Աբիդիի հետ:

 

ԱՄՆ-ն Իրաքում ռազմական գործողություններ սկսել է օգոստոսի 8-ից, որից հետո միջազգային դաշինքի երկրները միացել են նրանց և առաջին հարվածները հասցրել Մոսուլում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: ԻՊ-ի դեմ մի քանի ամիս շարունկավող պայքարի արդյունքում հարյուրավոր ահաբեկիչներ են սպանվել, սակայն մեծ արդյունքներ մինչև այժմ չեն գրանվել:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում: