Նիկարագուայում, որտեղ սկսվել է միջօվկիանոսային ջրանցքի կառուցումը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ջրային մայրուղու կառուցման հակառակորդների միջեւ, ինչի հետեւանքով վերքեր են ստացել տասնյակ մարդիկ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ընդհարումները տեղի են ունեցել մայրաքաղաք Մանագուայից 260 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էլ-Տուլեի մերձակա ավտոճանապարհին: Ազգային ոստիկանության գլխավոր տնօրեն Ամինտա Գրաներայի խոսքով՝ այն բանից հետո, երբ բողոքավորները սպառնացել են հրկիզել վառելանյութի ավտոցիստեռնը, ոստիկանները հարկադրված են եղել ցրել 300 մարդու:
Գրաներան նշել է, որ բողոքավորները գրոհել են ոստիկանների վրա՝ օգտագործելով հրազեն, մաչետեներ, քարեր ու փայտեր: Ի պատասխան ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ: Ձերբակալված է 33 մարդ:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ բախումների ընթացքում վնասվածքներ են ստացել 15 ոստիկաններ եւ 6 քաղաքացիական անձ: Միաժամանակ կազմակերպիչները հայտնել են 40 վիրավոր ցուցարարների մասին: Բողոքավորները երկյուղում են, որ ջրանցքի շինարարության ընթացքում իրենց տները կարող են հայտնվել սպառնալիքի տակ:
Դեկտեմբերի 22-ին Նիկարագուայում մեկնարկել են Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների միջեւ ջրանցքի կառուցման աշխատանքները: Նախագծի իրացումը աղքատության դեմ պայքարում երկրի նախագահ Դանիել Օրտեգայի ծրագրի բաղկացուցիչ մասն է, քանի որ ջրանցքը սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն կունենա կենտրոնամերիկյան երկրի համար եւ կստեղծի մեծ թվով աշխատատեղեր՝ մոտավորապես 50 հազար՝ շինարարության ընթացքում եւ 200 հազար՝ շահագործման հանձնելուց հետո՝ ջրանցքի հետ կապված նախագծերի հաշվառմամբ:
Նախագծի արժեքը գնահատվում է 50 մլրդ դոլար, գլխավոր ներդրողը HKND չինական ընկերությունն է: Ջրանցքի երկարությունը կկազմի գրեթե 280 կիլոմետր, խորությունը՝ մոտավորապես 27 մետր, լայնությունը կտատանվի 226-530 մետրի սահմաններում:
Պլանավորվում է, որ ջրանցքով նավերի անցման ժամանակը չի գերազանցի 30 ժամը: Ատլանտյան օվկիանոսից Խաղաղ օվկիանոս նոր ջրուղին նախատեսված է որպես արդեն գոյություն ունեցող Պանամայի ջրանցքի այլընտրանք, որը գտնվում է ընդամենը 600 կիլոմետր հեռավորության վրա:
2019 թվականին ջրանցքի շահագործման հանձնումը թույլ կտա ծովային ուղիով Ամերիկայի, Եվրոպայի եւ Ասիայի միջեւ բեռների փոխադրման արժեքը նվազեցնել մոտավորապես 30 տոկոսով: