Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ում միջազգային մամուլը համարում է «ազատ մամուլի թշնամի», հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը հայտարարել է, որ «աշխարհում ոչ մի տեղ մամուլն այնքան ազատ չէ, ինչքան Թուրքիայում»: Այս մասին Էրդողանը հայտարարել է' ժխտելով երկրում լրագրողների վրա ճնշում գործադրվելու մեղադրանքները:
Մեկնաբանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալությունների քննադատությունը' Էրդողանը հայտարարել է, որ թուրք լրագրողների խումբը ներգրավված է ահաբեկչության, անգամ սպանությունների մեջ: «Նրանք ձերբակալվել են անօրինական կազմակերպությանն աջակցության համար», -ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարի խոսքով' ձերբակալվածներից մեկը' Samanyolu հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Հիդայաթ Քարաջան պատկանում է այն լրագրողների թվին, ովքեր օգնել են ստեղծել «իրեն օրինական ներկայացնող անօրինական կազմակերպություն»: Էրդողանը խոստացել է, որ ձերբակալվելու են նաեւ այլ «մեղավորներ»:
Նրա խոսքով' ներկայում թուրքական բանտերում գտնվում են ընդամենը 7 լրագրող: «Այդ լրագրողները Թուրքիայի դեմ քարոզչություն են տանում: Վստահությամբ կարող եմ ասել, որ աշխարհում ոչ մի տեղ մամուլն այնքան ազատ չէ, ինչքան Թուրքիայում: Մամուլն այնքան ազատ է, որ լրագրողներն իրենց այնպիսի գործողություններ են թույլ տալիս, որ չեն հանդուրժի անգամ դեմոկրատական երկրներում: Անձամբ ես դա զգացել եմ, զգացել է նաեւ իմ ընտանիքը: Անգամ ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում չէին հանդուրժի ընտանիքի անդամների հասցեին վիրավորանքները», -հայտարարել է Էրդողանը' խոստովան ելով, որ իր իսկ կողմից տարիներ շարունակ «Թուրքիան ժողովրդավարական երկիր է» հորդորն իրականում կեղծիք է:
Այս տարի Էրդողանն աչքի է ընկել անհեթեթ հայտարարությունների շարքով, որոնք միջազգային մամուլում անմիջապես դարձել են ծաղրանքի առարկա: Մասնավորապես, Էրդողանը նոյեմբերին Լատինական Ամերիկայի մահմեդական կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Կոլումբոսից 314 տարի առաջ ամերիկան հայտնագործել են մահմեդական ծովայինները:
Էրդողանի հաջորդ զավեշտը վերաբերում էր գենդերային հավասարությանը: Նոյեմբերի 24-ին Ստամբուլում ելույթ ունենալով կանանց իրավունքներին նվիրված միջազգային համաժողովում' նա հայտարարել էր. «Կանայք եւ տղամարդիկ չեն կարող հավասար իրավունքներ ունենալ, քանի որ նրանց մարմիններն ու բնույթները տարբեր են»: Այս հայտարարությանը հետեւեց մեկ այլ' ոչ պակաս ցնցող ելույթ, որում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումն անվանեց «պետական դավաճանություն»: Թուրքիայի նախագահի' 2014 թվականի ամենաանհեթեթ հայտարարությունների շքերթը թերեւս պետք Õ § ավարտել դեկտեմբերին ասած նրա հետեւյալ խոսքով. «Ժամանակակից թուրքերենի բառապաշարով հնարավոր չէ գիտություն եւ փիլիսոփայություն ստեղծել»: