Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին քննադատել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գործունեությունը՝ նշելով, որ նրանք չեն շտապում օգնություն ցուցաբերել իր երկրի զինված ուժերին: Այս մասին վարչապետը հայտարարել է Եգիպտոս կատարած երկօրյա այցի ժամանակ, որտեղ նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսիի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հար ցեր:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ալ Աբադիի խոսքով, օգնությունն իրականացվում է շատ դանդաղ' չնայած վերջին 2 շաբաթների ընթացքում ակտիվություն է նկատվել: Նա կոչ է արել արագացնել գործողությունների տեմպերը:

 

Պենտագոնը հայտարարել է, որ վերջին 6 ամսում ԻՊ-ի վերահսկողության տակ են հայտնվել Իրաքի և Սիրիայի մոտ 700 քառ. կմ տարածքներ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջոն Քերբին նշել է, որ ահաբեկիչներն առաջիկայում մեծ տարածքներ կկորցնեն:

 

ԱՄՆ-ի օդային ուժերը 2014թ. օգոստոսի 8-ից սկսել են հարվածներ հասցնել Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերի ուղղությամբ:

 

Սիրիայում միջազգային դաշինքի օդային հարվածները սկսվել են սեպտեմբերի վերջից: Ռազմական գործողություններին մասնակցում են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը և Բահրեյնը:

 

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը: