Առաջին պաշտոնական իրադարձությունը ԱՄՆ-ում, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կանցկացվի հունվարի 24-ին «Ֆլորիդա Ատլանտիկ» համալսարանում (FAU): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ֆլորիդայի հայ համայնքից, տեղական շահույթ չհետապնդող «Հայոց ցեղասպանության հիշատակում» (Armenian Genocide Commemoration) ընկերությունը Բոսթոնի «Սայաթ-Նովա» պարային խմբին հրավիրել է Բոքա Ռաթոն քաղաք՝ այնտեղ ելույթ ունենալու նպատակով: Ընկերության առաքելությունն է պահպանել հայկական մշակույթը և խթանել դրա տարածումը: Նրանց նոր բեմադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

«Ծրագիրը ներկայացնում է հայոց պատմության էվոլյուցիան՝ պատկերված պարի, երաժշտության, պոեզիայի և բանասացության միջոցով: Այն ճամփորդություն է հեթանոսական ժամանակների, քրիստոնեության ընդունման, Վարդանանց պատերազմի, մշակութային վերածննդի, ցեղասպանության ջարդերի միջով դեպի անկախ Հայաստան: Հանդիսատեսը հաղթական և հուսահատական պահեր կապրի՝ դիտելով հայոց պատմությունը»,- ասել է խմբի գլխավոր մենեջեր Կարեն Ավետիսյանը: