ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով ԼՂՀ ոստիկանության հայտարարությանը չհավատալու պատճառ չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Բերձորում տեղի ունեցած միջադեպին, երբ ծեծի էին ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի անդամները:
Թեպետ Շարմազանովը դիտել է տեսանյութը, սակայն կարծում է, որ ներքաղաքական խարդավանքների համար չպետք է Արցախի հողը խառնել:
«ՀՀ-ն ունի բազմաթիվ խնդիրներ, ես բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորների հետ պատիվ եմ ունեցել լինելու Արցախում, և մենք երբեք այնտեղ մեր ներքաղաքական խնդիրները չենք քննարկել: Մենք երբեք մեր ներքաղաքական տարաձայնություններն Արցախ չենք տարել»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահը նաև «շնորհավորեց» երթի մասնակիցներին, որ ադրբեջանական լրատվամիջոցների «բերանը լեզու են դրել»: «Եթե դա էր իրենց նպատակը, դա էր իրենց հայրենասիրությունը՝ ես գիտեմ, որ հիմա ինձ կսկսեն քննադատել, բայց ջհանդամը, ես իմ կարծիքն ունեմ և անթույլատրելի եմ համարում, ով ուզում է լինի՝ իշխանություն, թե ընդդիմություն, որ իր ներքաղաքական հաշվարկները տանի, Արցախի վրա տարածի»,- ասաց Շարմազանովը՝ նկատելով, որ սա կխանգարի բանակցային գործընթացը: