Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստան պլանավորված է ապրիլին. սպասվում են նրա հանդիպումները Վրաստանի իր պաշտոնակցի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 2-ին Մինսկում հայտնել է Բելառուսի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարար Լեոնիդ Զայացը:

 

«Նշանակալի իրադարձությունը՝ երկու երկրների նախագահների հանդիպումը Վրաստանում, տեղի կունենա ապրիլին»,- ասել է նախարարը տնտեսական համագործակցության գծով բելառուսա-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

 

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ նա վրացական պատվիրակությանն առաջարկել է քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության ակտիվացման քայլերը: Զայացը նշել է, որ դրա մակարդակը չի կարող բավարարել երկու կողմերին, քանի որ չի համապատասխանում երկրների ներուժին:

 

Բելառուսի գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարն առաջարկել է քննարկել միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգը, որպեսզի «ապրիլին նախագահներին կներկայացվեն գործնական աշխատանքի արդյունքները»: