Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Արարատի մարզ:
Հովհաննիսյանը եղել է Դվինում, Սուրենավանում, Տափերականում, իսկ Մարմարաշենում բնակիչների հետ հանդիպելուց հետո այցելել է գյուղապետարան, ողջունել գյուղապետին եւ արդար ընտրություններ մաղթել: Նա նաեւ մոմ է վառել Սուրբ Գեւորգ եկեղեցում:
Նախագահի թեկնածուն բոլոր այդ բնակավայրերում հանդես է եկել ելույթներով՝ երկրում ստեղծված իրավիճակը գնահատելով անընդունելի: Քննադատության ենթարկելով գործող նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին, նա ասել է. «Պետությունն ունի բավարար փող գյուղացուն աջակցելու համար: Ընդամենը պետք է հարկել «ստվերում» մնացած օլիգարխներին, չմսխել բյուջեն ուռճացված գներով գնումներով եւ «ատկատներով»: Այդժամ մենք կարող ենք հարստացնել եւ ծաղկեցնել գյուղը, որը մեր ազգային անվտանգության անկյունաքարերից է»: Հովհաննիսյանը եւս մեկ անգամ շեշտել է ոռոգման ջրի գինը մինչեւ 90%-ով սուբսիդավորելու անհրաժեշտությունը եւ անընդունելի նկատեց, որ գյուղացին չի կարողանում լիարժեքորեն օգտվել բնական այդ բարիքից, որը շատ դեպքերում անօգուտ հոսում է երկրի սահմաններից դուրս:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել փետրվարի 18-ին ակտիվորեն մասնակցել նախագահի ընտրություններին եւ ազատ, խղճի մտոք քվեարկել նախընտրելի թեկնածուի օգտին: