Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև կայացած բանակցություններում ոչ մի ճնշում չի եղել Դոնբասում հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վալերի Չալիին:
«Իրականում դրսից ինչ-որ մեկը չպետք է որոշի Ուկրաինայի ապագան: Եվրոպացիների կողմից ոչ մի ճնշում մեզ վրա չի եղել: Նման մտավախություններ կային, բայց ոչ մեզ մոտ: Դա քննարկում էին փորձագետները»,- ասել է նա «Ինտեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Չալիի խոսքով՝ հակառակը, բանակցությունների մասնակիցները միասնական դիրքորոշում են մշակել իրավիճակի կարգավորման վերաբերյալ՝ Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա:
«Հանդիպումը ցույց տվեց, որ այժմ մենք մեր գործընկերների հետ կարող ենք հստակ խոսել միասնական դիրքորոշման մասին: Նրանք հենց այդ դիրքորոշմամբ էլ գնացել են Մոսկվա՝ «նորմանդական ձևաչափի» չորրորդ կողմի մոտ»,- ասել է նա:
«Ոչ մի փաստաթուղթ, այսպես կոչված, «Պուտինի պլան», նրանք քննարկման համար չեն բերել»,- հավելել է նա: