Հայոց ցեղասպանության 100-ամյակի Սիրիայի կենտրոնական մարմնի հրավերով փետրվարի 9-ին Հալեպի ս. Աստվածածին եկեղեցու ժողովասրահում տեղի է ունեցել Հալեպում Ցեղասպանության 100-ամյակի ձեռնարկները համակարգող մարմնի առաջին նիստը Բերիո հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Ս. Արք. Սարգիսյանի և Հայ ավետարանական եկեղեցու համայնքապետ վերապատվելի Հարություն Սելիմյանի գլխավորությամբ:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Նիստին մասնակցել են հալեպահայ հազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ:

 

Սրբազան հայրը մանրամասն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի պետական հանձանժողովի հրապարակած Համահայկական հռչակագրին և շեշտել է Հայ Դատի և պահանջատիրական գործընթացի աշխատանքներում սիրիահայության կարևոր դերակատարությունը' հակառակ Սիրիայի պատերազմական բարդ կացության:

 

Վերապատվելի Հարություն Սելիմյանը խոսել է Սիրիայի մակարդակով կայանալիք Հայոց ցեղասպանության 100-ամյակի ձեռնարկների մասին:

 

Այնուհետև միությունների ներկայացուցիչներին թելադրվել է ապրիլյան ձեռնարկների ընթացքում անմոռուկ ծաղիկը որդեգրել որպես պաշտոնական նշանակ: Ավարտին, Սրբազան հոր և վերապատվելիի ներկայությամբ ընտրվել է Հալեպում Հայոց ցեղասպանության 100-ամյակի ձեռնարկները համակարգող մարմնի դիվանը' հետևյալ կազմով. ատենապետներ' Ժիրայր Ռեիսյան, Հրանդ Աթթարյան, Լարա Տիրարյան և Վարդուկ Պարտագջյան: